Շատերն ասում են, որ Ղարաբաղի շուրջ վերջին 20 տարում ոչինչ չի փոխվել: Մինչդեռ հակամարտության շուրջ աշխարհաքաղաքականությունն էական, եթե ոչ արմատական փոփոխություններ է կրել: Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, Ռուսաստանի նոր դերը, Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև ավելի խորը հակասությունները և այլն: Կարո՞ղ է արդյոք այս ամենը հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր իրավիճակի առաջացմանը:
Վերջին 20 տարում իրավիճակն աշխարհում, մասնավորապես`Ադրբեջանում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զգալիորեն կերպափոխվել է:
Անփոփոխ է մնում այն, ինչը համաշխարհային քաղաքականությունում միշտ է եղել`համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների տարբեր շահերը: Այդ պատճառով ՄԽ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը գործում է`ելնելով սեփական շահերից, որոնք կարող են համընկնել կամ մասամբ համընկնել գործընկերների շահերին, բայց կարող են նաև հիմնովին հակասել դրանց: Շահերի համընկնումը կայանում է այն բանում, որ ներկայումս համանախագահող երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի սկսմամբ:
ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական գործիչների համար խիստ անցանկալի է բարդացնել հարաբերություններն ընտրողների այն հատվածի հետ, ովքեր հայկական ծագում ունեն: Դա տեղի կունենա նրանց համաձայնության, առավել ևս`կողմերին ՙխաղաղության պարտադրման՚ ուժային գործողության մասնակցության դեպքում: Բայց գլխավորն այն է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին խոսակցություններն անլուրջ են, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և անվտանգության երաշխիքներ ունի Ռուսաստանի կողմից: Ռուսաստանի համար արտաքին ուժային ճնշման ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման սցենարն անընդունելի է, քանի որ դրա իրականացումը կհանգեցնի իր սահմաններին ԱՄՆ և ոչ տարածաշրջանային տերությունների ռազմական ներկայության մեծացմանը: Ըստ որում, ինչպես ցույց է տալիս ամերիկյան խաղաղապահության 20-ամյա փորձը, դրա հետևանքները կործանիչ և ողբերգական են լինում ամենից առաջ այն ժողովուրդների, երկրների և տարածաշրջանների համար, որոնք ԱՄՆ ակտիվության օբյեկտի են վերածվել: Ի դեպ, ժամանակին Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան հանդես են եկել Իրաքում ԱՄՆ գործողության դեմ: Այժմ ակնհայտ է, որ Իրաքում ԱՄՆ գործողություններն օգուտ չեն բերել ոչ ոքի`ներառյալ ամերիկացիներին:
Չնայած սակավ պաշտոնական տեղեկատությանը`ոչ պաշտոնապես հունիսի 18-19-ը Հայաստանի նախագահի Վրաստան այցի գլխավոր լեյտմոտիվը տրանսպորտային կիսաշրջափակումից ելքն է հանդիսացել: Սերժ Սարգսյանի Վրաստան այցից մի քանի ժամ առաջ ՌԵՈւ նախագահ Վլադիմիր Յակունինը Երևանում հայտարարել է ՙԱբխազիայով և Վրաստանով Հայաստան երթևեկության բացման վրա կենտրոնանալու անհրաժեշտության՚ մասին: Այս պայմաններում կարելի՞ է արդյոք խոսել Ռուսաստան-Հայաստան ուղղակի կապի վերականգնման անհրաժեշտության ընդհանուր գիտակցման և նոր տեղաշարժերի մասին:
Աբխազիայով երկաթուղային ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը միշտ է եղել: Առաջ դրան խանգարում էր Վրաստանի դիրքորոշումը, որը Շևարդնաձեի օրոք փորձում էր այդ գործոնն օգտագործել Ռուսաստանի վրա ներգործելու համար` Աբխազիան վերադարձնելու նպատակով: Հետո երկաթուղին շրջափակվել է Սահակաշվիլիի`Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների ռազմական լուծման ուղեգծի արդյունքում: Այժմ իրավիճակն այլ է. 2008 թ. իրադարձություններից հետո Ռուսաստանը ճանաչել է երկու հանարապետությունները և վերանայել իր դիրքորոշումը չի պատրաստվում: Վրաստանի նոր ղեկավարությունը գիտակցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, և փորձում է ընթանալ այդ ճանապարհով`բանակցային գործընթացի շրջանակներից դուրս թողնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները:
Այս պայմաններում Աբխազիայով երկաթուղու ապաշրջափակման հնարավորության հույսեր են առաջացել: Ներկայումս դրա գլխավոր խոչընդոտը ոչ թե Վրաստանի ղեկավարության բացասական դիրքորոշումն է, այլ`Ադրբեջանից և Թուրքիայից Վրաստանի կախվածության բարձր աստիճանը: Այդ երկրների ղեկավարությունն ունի Աբխազիայով երկաթուղու ապաշրջափակումը թույլ չտալու բոլոր հնարավորությունները`Վրաստանի ղեկավարության վրա ճնշման ճանապարհով, և հազիվ թե վերջիններս չօգտվեն այդ հնարավորություններից:
Հյուսիս-Հարավ երկաթուղին կարող է միավորել Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանն Իրանի հետ` Հարավ-Արևելյան Ասիայի և արաբական երկրների շուկաներ ամենակարճ և տնտեսապես հիմնավորված ելք ապահովելով բոլոր երեք երկրների համար:
Մոսկվան, որն ամեն գնով առաջ է մղում եվրասիական նախագիծը, չգիտես ինչու, անտեսում է իրական տնտեսական նախագծերը: Ձեր կարծիքով, որո՞նք են պատճառները:
Ռուսաստանի համար Հյուսիս-Հարավ երկաթուղին կարող է անցնել երկու ճանապարհով` Ադրբեջանով և Հայաստանով: Առաջին ճանապարհի հետ կապված առանձնակի բարդություններ չկան: Եթե երկաթուղային նման փոխադրումներն ավելի շահավետ լինեն, քան ծովայինը, իսկ դա ամենևին կանխորոշված չէ, դրանք կարող են զարգացում ապրել: Հայաստանով ճանապարհի հետ կապված ամեն ինչ ավելի բարդ է: Ամենից առաջ այն պատճառով, որ այստեղ ամեն բան որոշում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնները: Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականություն են իրականացնում, այդ թվում` հնարավորինս դժվարացնելով վերջինիս հապերն արտաքին աշխարհի հետ: Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունը, Անկարայից և Բաքվից կախվածության պատճառով, չի կարող անկախ քաղաքականություն իրականացնել Հյուսիս-Հարավ երկաթուղային հանգույցի ձևավորման հարցում: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Վրաստանի ղեկավարությունը կարողանա նվազեցնել Ադրբեջանից և Թուրքիայից իր կախվածության աստիճանը: Բացառված չէ, որ Ադրբեջանից և Թուրքիայից Վրաստանի կախվածության նվազման այդ գործընթացին կարողանա նպաստել Հայաստանը, և այստեղ գործունեության լայն դաշտ կա հայկական դիվանագիտության համար:
ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի միացումը միանգամայն հավանական է համարել: Մինչդեռ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը`բազմիցս հնչեցված նախագահի աշխատակազմի կողմից, վկայում է, որ Ադրբեջանը նույնիսկ չի մտածում Եվրասիական միությանն անդամակցման մասին: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Կրեմլն Ադրբեջանից այդ հարցում:
Ռուս պաշտոնյաները և նախարարները կարող են տարբեր առիթներով ամենատարբեր բաներն ասել: Պետք չէ ամեն անգամ նման հայտարարությունները դիտարկել որպես Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման արտահայտություն և չափազանց մեծ նշանակություն տալ դրան: Մեծամասամ դրանք ընդամենն այս կամ այն պաշտոնյայի կարծիքներ են: Տվյալ դեպքում նախարարն ասել է, որ նման բան հավանական է:
Ժամանակակից աշխարհն անընդհատ մեզ համոզում է, որ անհավանական ոչինչ այնտեղ չկա: Խնդիրը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հավանականության աստիճանի մեջ է: Նույն հավանականությամբ կարելի է ենթադրել, որ մի օր ՄՄ-ին և ԵԱՏՄ-ին կանդամակցեն Կիպրոսը կամ Շրի Լանկան...
Ռուսաստանը փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին`տարբեր երկրների Եվրասիական միություն հրավիրելու ճանապարհով: Արդյո՞ք Կրեմլի նախաձեռնած այդ գործընթացի այլ պատճառներ կան, բացի դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման սպառնալիքից:
Չնայած այն բանին, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը հակասում է Ռուսաստանի անվտանգության շահերին և ազդում ռուսական արտաքին քաղաքականության վրա, այնուամենայնիվ, տվյալ դեպքում դա կանխորոշիչ նշանակություն չունի Մոսկվայի քաղաքականության համար: ԽՍՀՄ փլուզումից հետո տեղի է ունենում հետխորհրդային տարածության վերակառուցում, և այդ գործընթացը դեռ հեռու է իր ավարտից: Ցավոք, միասնական Եվրոպա ԽՍՀՄ փլուզումից հետո չստացվեց. այստեղ զարգանում Են ինտեգրացիոն երկու նախագծեր: Նույնպիսի նախագծեր զարգանում են աշխարհի տարբեր հատվածներում, տեղի է ունենում նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորում: Թե այդ նախագծերից որոնք առավել հաջող կլինեն, որոնք կդադարեն գոյություն ունենալ, ապագան ցույց կտա: Դա վերաբերում է նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության նախագծերին: Ռուսաստանի շահերից է բխում ամենից առաջ հետխորհրդային տարածությունում հարևան պետությունների հետ համատեղ սեփական կայուն և հաջող զարգացման ապահովումը: Սակայն, դա հակասում է այն ուժերի շահերին, որոնք շարունակում են գտնվել միաբևեռ աշխարհի պատրանքների մեջ և փորձում ուղեփակել համագործակցությունը` ինչպես համաեվրոպական մասշտաբով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում: Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ վերջինիս ընդլայնումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել: Ռուսաստանի համար օգտակար կլիներ հաշվի առնել այդ փորձը և ՙքիչ լինի, լավը լինի՚ սկզբունքով հրաժարվել ԵԱՏՄ առավելագույն ընդլայնումից: Եթե ԵԱՏՄ հիմնադիր պետություններն առաջիկա տարիների իրական օգուտներ ստանան նախագծից, եթե նախագիծն ապահովի կայուն զարգացում և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում, հազիվ թե այդ ինտեգրացիոն միավորումն անդամակցել ցանկացողների պակաս զգա: