Ադրբեջանն այսօր դիմում է մեթոդների, որոնք ժամանակին նացիստական Գերմանիան է օգտագործել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ների հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցի մասին:
ՙՊաշտոնական Բաքուն մշտապես դիմում է նման գործողությունների, այսպես կոչված, ադրբեջանական Հոլիվուդ`չնայած նրանք դեռ շատ հեռու են Հոլիվուդին հասնելու համար: Ամեն դեպքում ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է այդ ուղղությամբ՚,- նշել է Արցախի նախագահի ներկայացուցիչը:
Ըստ որում, Բաբայանը համոզված է, որ նման մեթոդները հերթական անգամ ցույց են տալիս այն ցավալի իրավիճակը, որն այսօր տիրում է Ադրբեջանում:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի մասին`Բաբայանը նշել է, որ այժմ դրությունը կայուն է`չնայած ժամանակ առ ժամանակ իրավիճակը սրվում է: ՙԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների արժանի հակահարվածի շնորհիվ հակառակորդի փորձերը կասեցվում են: Մեր զինված ուժերը ՙսանձած են պահում՚ հակառակորդին`ամբողջովին վերահսկելով իրավիճակը շփման գծի երկայնքով՚,- եզրափակել է Բաբայանը:
Նշենք, որ Անդրանիկ Գրիգորյանն ադրբեջանական ԶԼՄ-ներին հարցազրույցում ՙխիստ քննադատության է ենթարկել զորամասը, որտեղ պայմանագրային ծառայություն էր անցնում, ինչպես նաև գոհունակություն հայտնել Ադրբեջանում պահման պայմաններից՚:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: