Երգիչ ու երգահան Վահան Արծրունին իր ծննդյան 50-ամյակն ու ստեղծագործական գործունեության 30-ամյակը կնշի հինգ համերգների շարքով:
Ինչպես հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսում պատմել է Արծրունին, համերգների ընթացքում կներկայացվի տարբեր ուղղությունների երաժշտություն` կամերային և սիմֆոնիկ երաժշտությունից մինչև ակումբային ռոք: Համերգներին կմասնակցեն «Արծրունի» ռոք-խումբը, IN ROCK QUINTET լարային խումբը. «Շողակաթ» մանկական երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, կատարող Հասմիկ Բաղդասարյանը, Նելլի Մանուկյանը (սրինգ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Մերուժան Տեր-Մինասյանը (վալտորն):
Յուրաքանչյուր ելույթ կընթանա որոշակի ժանրում: Այսպես, հոկտեմբերի 11-ին տեղի կունենա կամերային համերգ, հոկտեմբերի 28-ին կհնչեն Վահան Արծրունու և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, նոյեմբերի 9-ին տեղի կունենա առաջադեմ երաժշտության համերգ, նոյեմբերի 30-ին` ակուստիկ ռոքի համերգ: Արծրունու ստեղծագործական ուղին կամփոփվի դեկտեմբերի 25-ին գալա համերգով:
Արծրունին նշում է, որ ողջ համերգաշարի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն ոչ միայն սիրված երգեր, այլև` առաջին կատարումներ:
Համերգաշարը կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: