Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:
Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:
Նշենք, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն եվրո, որը վարկի տեսքով տրամադրում է ԻԻՀ: 83,083 մլն եվրո վարկի շուրջ համաձայնագիրն ստորագրվել էր 2011 թվականի սեպտեմբերին, ևս 24,817 մլն եվրոյի` 2012 թվականի ապրիլին: Պայմանագրին համապատասխան, 400 կՎ լարման ԷՀԳ կառուցումը պետք է ավարտվի ֆինանսավորումն սկսելու պահից 18 ամիս անց: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ԷՀԳ կառուցումը թույլ կտա Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումներն ավելացնել ներկայիս տարեկան 1,2 մլրդ կՎտ-ից մինչև 7 մլրդ կՎտ: