Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, ՙԳորիսի գամմա՚ գործարանի գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը զրպարտության համար հայց է նախապատրաստում ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի: Այդ մասին Կարապետյանը հայտնել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նշենք, որ այսօր մի շարք ԶԼՄ-ներին հարցազրույցում Հովհաննիսյանը մեղադրել է Կարապետյանին Գորիսի միջադեպը սադրելու, որի ժամանակ դաժանորեն ծեծի է ենթարկվել և տեսողությունը կորցրել Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանը, ինչպես նաև երեկ երեկոյան Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների կազմակերպման մեջ:
Անդադառնալով այդ մեղադրանքներին`Կարապետյանը, մասնավորապես, հայտարարել է. ՙԵս իմ արժանապատվությունից ցածր եմ համարում մեկնաբանել Հովհաննիսյանի հայտարարությունները: Կարող եմ միայն ասել, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, և քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Ես թաքցնելու բան չունեմ: Միաժամանակ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է Հովհաննիսյանը հրապարակորեն վարկաբեկում ինձ և իմ ընտանիքը: Այս առնչությամբ մտադիր եմ հայցով դիմել դատարան ընդդեմ Հովհաննիսյանի՚:
Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ դիմել է իրավապահ մարմիններին`իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով: ՙԵս ստիպված եմ դա անել`հաշվի առնելով իմ հասցեին պարբերաբար հնչող սպառնալիքները և տարբեր սադրիչ գործողությունները, որոնցում փորձում են ներքաշել ինձ՚,- հայտարարել է Կարապետյանը:
Նշենք, որ մայիսի 2-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել` Խաչատրյանի որդու մասնակցությամբ: ՙԳորիս բժշկական կենտրոնից՚ Ոստիկանության որիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ ՙաջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք՚ մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի ՙՍդղի գյոլՙ կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՙինքնությունը չպարզված անձանց կողմից ՙՍդղի գյոլ՚ կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՚։ Ծեծկռտուքից հետո Զաքարյանը կորցրել է տեսողությունը: Տիգրան Խաչատրյանը լքել է Հայաստանի տարածքը,սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերադարձել է Հայաստան և ցուցմունք տվել:
Երեկ երեկոյան կրակոցներ են կատարվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենային ուղղությամբ: Մարզպետը և նրա վարորդը չեն տուժել:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացվել էր 2013 թվականին իր տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով, որի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն դատարանը որոշեց գործը կարճել և ազատ արձակել նրանց: Խաչատրյանի և նրա հարազատների անունները շրջանառվում են շատ այլ հանցավոր սկանդալներում: Այնուամենայնիվ, նա վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում: