ԱՄՆ Կոնգրեսի
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ հիշատակել է նախորդ դարի 90-ականների սկզբին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում տեղի ունեցած ողբերգությունների մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA)
մամուլի ծառայությունից, Չուն կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան և ապահովել Ղարաբաղի ժողովրդի ազատությունը։
Ներկայացուցիչների պալատի անդամը հիշեցրել է 27 տարի առաջ տեղի ունեցած
ողբերգության մասին, երբ հանուն անկախության խաղաղ պայքարում հարյուրավոր մարդիկ
սպանվեցին, իսկ հազարավոր մարդիկ դարձան հարկադրված վերաբնակ: Նրա ասելով, դրանից
հետո երկու տարի շարունակ Արցախի հայերը ենթարկվեցին ճնշումների և բնաջնջման` ըստ
ռասայական հատկանիշների, ինչը հիշեցնում էր Հայոց ցեղասպանությունը:
«Ջարդերը շարունակվեցին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում: Երբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը
պաշտոնապես հայտարարեց իր անկախության մասին, սանձազերծվեց պատերազմ, որը տևեց
մինչև 1994 թիվը», - նշել է Չուն: Այդ համատեքստում նա հավելել է, որ
նույնիսկ այսօր Լեռնային Ղարաբաղի
ժողովուրդը դեռ ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական
խախտման պայմաններում:
«Այսօր մենք հիշում ենք հանուն անկախության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի
պայքարի տխուր տարելիցը և մաղթում այդ հակամարտության խաղաղ կարգավորում: Հուսով
ենք, որ նրա քաղաքացիները կարող են ինքնուրույն որոշել իրենց ապագան», - եզրափակել
է Չուն:
ANCA
գործադիր տնօրեն Արամ Համփարյանը նշել է, որ ANCA-ն ողջունում է Ներկայացուցիչների
պալատի անդամի դիրքորոշումը և բարձր գնահատում Լեռնային Ղարաբաղի անկախության
նկատմամբ նրա դիրքորոշումը: