Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի Եվրոպական խաղերին վկայում է այն մասին, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Ինչպես հաղորդում է Asbarez-ը, այս մասին France Press գործակալության հետ զրույցում հայտարարել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Փաթ Հիքին:
ԵՕԿ նախագահը նաև ընդգծել է, որ Խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու հարցում իրեն շատ է օգնել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Նրա բնորոշմամբ, հայկական կողմին համոզելը, որպեսզի մասնակցի Բաքվի խաղերին, նշանակալի դիվանագիտական հաղթանակ է:
«Մենք նշանակալի ձեռքբերում ունեցանք` Հայաստանին համոզելով մասնակցել Բաքվի Խաղերին: Ադրբեջանն էլ իր հերթին է ողջունել այդ մասնակցությունը: Անցած տարի ես մեկնեցի Երևան ու Թոմաս Բախի միջնորդությամբ կարողացա համոզել հայկական կողմին, որպեսզի մասնակցի խաղերին, ինչը նույնպես ապացուցում է, որ բազմաթիվ բնագավառներում սպորտը կարողանում է առաջ անցնել քաղաքականությունից»,-ասել է ԵՕԿ նախագահը:
Նշենք, որ 2015 թվականի Եվրոպական խաղերը տեղի կունենան Բաքվում, հունիսի 12-ից 28-ը: Առաջիկա խաղերում Հայաստանը ներկայացված կլինի 3 ձյուդոիստներով` Հովհաննես Դավթյան, Դավիթ Նիկողոսյան և Ժաննա Ստանկևիչ: