«Ազատամատիկների դաշինք» կազմակերպության անդամ Սմբատ Հակոբյանը հոկտեմբերի 1-ին լրագրողներին է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսային խոսակցության սղագրությունը, որում վերջինս սպառնում է ջարդել վետերանի ոտքերը:
Վետերանի փոխանցմամբ, հեռախոսային խոսակցության ընթացքում Հայրապետյանը, մասնավորապես, Հակոբյանից պահանջել է, որպեսզի նա ու նրա կողմնակիցներն անհապաղ վերջացնեն «կապիկությունները և ցրվեն իրենց տներով», հակառակ դեպքում սպառնալով «ջարդել նրանց ոտքերը» (խոսքը գնում է ղարաբաղյան պատերազմի վետերանների բողոքի ակցիան վերջացնելու մասին.խմբ): Իսկ երբ վետերանը պահանջել է հարգալից վերաբերմունք, ՀՖՖ ղեկավարն սկսել է նրան հայհոյել: «Հունիսի 22-ին, գիշերվա ժամը 02:00-ին իմ և Հայրապետյանի միջև վեճ է տեղի ունեցել: Իսկ այժմ ես ու իմ ընկերները փորձում ենք ապացուցել, որ դա քաղաքական հաշվեհարդար և ՀՖՖ ղեկավարի կողմից սպանության փորձ»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Աբովյան փողոցում դաժան ծեծի է ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի վետերան Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից մի քանի րոպե առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին մասնակցել էր ինքնիշխանության երթին դեպի ՀՀԿ գրասենյակ, որի դիմաց իր ելույթում ՀՀ քաղաքացիներին կոչով էր արել ոտքի կանգնել ու հեռացնել իշխանություններին: Բազմաթիվ վնասվածքներով Սմբատ Հակոբյանին տեղափոխել են հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում է: Նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության: Ծեծի ենթարկված վետերանն ի վիճակի չէ պատմել միջադեպի մանրամասները: Նրան օգնության հասած ակտիվիստները պատմել են, որ երթի ավարտից հետո, երբ մասնակիցներն արդեն ցրվում էին, Աբովյան փողոցոմ Սմբատ Հակոբյանին մոտեցել են քաղաքացիական հագուստով 5-6 անձինք, ինչ-որ վկայական են ցույց, տվել և ծեծելով ստիպել են մտնել արգելափակված տարածք և այնտեղ դաժան ծեծի են ենթարկել: Ակտիվիստները նշում են, որ չեն հասցրել տեսնել, թե այդ անձինք ինչ մեքենայով են մոտեցել, սակայն, երբ վետերանին ծեծի են ենթարկել, ոչ մի ոստիկան չի արձագանքել իրենց աղաղակին, և իրենք ստիպված են եղել փողոցի աղբամանները տեղաշարժել երթևեկելի մաս ու փակել փողոցը: Ակտիվիստներն ասում են, որ միայն դրանից հետո է ոստիկանությունը դեպքի վայր ժամանել: