Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
կայացել են լսումներ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակում, դատավճիռը
կկայացվի մի քանի ամիս անց:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Լոզանի դատարանը Թուրքիայի
աշխատավորական կուսակցության առաջնոր Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց
ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, և վերջինը 2013 թվականի
դեկտեմբերին բավարարել էր նրա հայցն ընդդեմ Շվեյցարիայի, նշելով, որ Փերինչեքը
կասկածի տակ չի դրել հայերի սպանության և տեղահանության փաստը, նա սոսկ հերքել է
այդ իրադարձությունների բնորոշումը որպես ցեղասպանություն: Շվեյցարիան իր հերթին
բողոքարկել էր ՄԻԵԴ որոշումը, ինչից հետո դատարանը որոշել էր վերանայել ավելի վաղ
Փերինչեքի օգտին կայացված որոշումը: Գործը հանձնվել է ՄԻԵԴ գերագույն պալատի
քննությանը:
Հունվարի 28-ի դատական նիստի ժամանակ Փերինչեքը կրկին
հայտարարել է, որ չի ժխտում հայերի զանգվածային սպանության փաստը, սակայն դա չի
համարում ցեղասպանություն: Եզրափակիչ խոսքում Փերինչեքն ընդսմին իր համակրանքն է
հայտնել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանը դատավարությունում ներգրավված է
որպես երրորդ կողմ: Հայաստանի պատվիրակության կազմում են գլխավոր դատախազ Գևորգ
Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության փոխնախարար Արման
Թաթոյանը: Հայաստանի շահերը պաշտպանում են հայտնի միջազգային փաստաբաններ Ջեֆրի
Ռոբերթսոնը, Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:
Իր երեկվա ելույթում Ռոբերթսոնը, մասնավորապես,
հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությանը համարժեք արձագանքի բացակայությունը
հանգեցրեց հրեաների Հոլոքոստին: Բացի այդ, նրա ասելով, Հայոց ցեղասպանությունը
ժխտելու մասին Փերինչեքի խոսքերն ուղղված էին Թուրքիայում իր կողմնակիցների
խրախուսմանը, որոնք ատում են հայերին և հերոսացնում հայ ժողովրդի դահիճ Թալեաթ փաշային:
Ընդ որում նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ եվրոպական երկրների մեծ
մասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանը նաև քննադատության է ենթարկել Հոլոքոստի
«եզակիության» տեսության կողմնակիցներին: Ջեֆրի Ռբերթսոնի կարծիքով, Հոլոքոստի
«եզակիության» վերաբերյալ պնդումները վնասում են մարդկության դեմ
հանցագործությունների կանխարգելման գործընթացը:
Փաստաբան Ամալ Քլունին իր հերթին հայտարարել է, որ ավելի
վաղ ՄԻԵԴ ստորին պալատի կողմից Փերինչեքի օգտին կայացված դատավճիռը սխալմունք է
եղել, քանզի հայերի նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին հավաստի
վկայությունները ցույց են տալիս նրանց ցեղասպան մտադրությունները:
Նրա ասելով, այդ որոշումը կայացվել էր առանց որևէ
փորձաքննության, առանց փաստերի և պատմական փաստաթղթերի մանրակրկիտ
ուսումնասիրության, առանց հայկական կողմի
մասնակցության: Փոխարենը` ՄԻԵԴ ստորին պալատը, փաստորեն, որոեշել էր, որ Հայոց
ցեղասպանությունն ապացուցված չէ կամ, նույնիսկ, չի կարող ապացուցվել:
Փաստաբանը
Փերինչեքի օգտին ստորին պալատի կայացրած դատավճիռը որակել է օսմանյան Թուրքիայում
բնաջնջված հայերի հիշատակը պղծող որոշում, որը պաշտպանում է Ցեղասպանությունը
ժխտողներին: