«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ` պահանջելով չվավերացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդում է իրադարձության վայրից, խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են շուրջ տասնյակ ակտիվիստներ: «Բոլոր պատգամավերները, որոնք կքվեարկեն այդ համաձայնագրի օգտին, մեր երկրի ու ժողովրդի թշնամի են: Պատերազմի պայմաններում այդ համաձայնագիրը կարող է հանգեցնել ցեղասպանության կրկնման: Հայ հասարակությունը պետք է համախմբվի և հանդես գա ընդդեմ այդ համաձայնագրի», - հայտարարել է ակտիվիստ Մուշեղ Գաբրիելյանը: Նրա ասելով, այդ համաձայնագրի դեմ հանդես եկող ակտիվիստների շարքերն օրեցօր կհամալրվեն, քանի որ մարդիկ շատ լավ հասկանում են այդ փաստաթղթից բխող ողջ վտանգը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի անրտահերթ նիստում նախատեսվում է վավերացնել այդ համաձայնագիրը: Ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, խորհրդարանում ներկայացնելով նշված համաձայնագիրը, մասնավորապես, համոզմունք էր հայտնել, որ համաձայնագիրը նաև կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Փոխնախարարը նշել էր, որ համակարգերը տեղակայված են և գործում են, իսկ այդ համաձայնագիրը կոչված է համակարգելու դրանց համատեղ օգտագործումը խաղաղ և պատերազմական պայմաններում: Նրա հավաստմամբ, խաղաղ ժամանակ հայկական կողմն ազատ կլինի այդ համակարգերը կիրառել սեփական հայեցողությամբ, իսկ պատերազմի ժամանակ` համատեղ, սահմանված ծրագրին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլաիմիր Պուտինը կարգադրել էր ստորագրել ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր, 2015 թ. հոկտեմբերի 23-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին: Փաստաթուղթը ներկայացվել էր ՌԴ նախագահի ստորագրմանը, ով ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր 2013 թ. նոյեմբերին: Գործնականում, Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ միասնական համակարգն արդեն գործում է, հաշվի առնելով ռուսական «Ս-300» ՀՕՊ համակարգերի և «ՄԻԳ-29» ինքնաթիռների զուգորդումը Հայաստանի ՀՕՊ համակարգի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի միացյալ հրամանատարության կառավարման համակարգերի հետ: