Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը բավական խոցելի է, համոզված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Ըստ որում, նա հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունում կարձանագրվի առաջընթաց, որի հիմքը դրվել է ընթացիկ տարվա մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը:
ՙՀուսանք, որ առաջընթաց կարձանագրվի վստահության միջոցների ամրապնդման, զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, ինչն առաջընթացի կհանգեցնի ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման հարցում՚,- նշել է դիվանագետը ՙՀամընդհանուր խաղաղության տեղական արմատները՚ միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Միաժամանակ դեսպանը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա նույնիսկ Եվրոպայում և Եվրասիայում:
Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները, քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: