«Հարավկովկասյան
երկաթուղի» ՓԲԸ («ՌԵՈՒ» դուստր) թափանցիկ ընկերություն է, որը բեռնափոխադրման և
ուղևորափոխադրման ծառայություններ է մատուցում, և այդ համատեքստում հասկանալի է
ընկերության գործունեության նկատմամբ պետական կառավարման մարմինների մեծ
հետաքրքրությունը: Այդ մասին հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը`
ԱրմԻնֆ-ոի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի երեկվա
հայտարարությունը ՀԿԵ ներդրումների արդյունավետությունը պարզելու համար
հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ:
Ինչպես նշել է Վիկտոր Ռեբեցը, ՀԿԵ ներդրումային
ընկերություն է: Վերջին 6 տարում ընկերությունն ավելի քան 100 մլրդ դրամ է ներդրել
Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ամրապնդման գործում: Օրինակ`
կամուրջները, որոնք կառուցվել էին դեռ 19-րդ դարում, լիովին արդիականացվել են,
«Գյումրի» լոկոմոտիվային դեպոն համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին:
Այդ բոլոր ներդրումներն աշխատում են Հայաստանի տնտեսության համար` թույլ տալով
ապահովել երկաթուղային փոխադրումների անվտանգության պատշաճ մակարդակ: Աշխատանքի
որակյալ ցուցանիշների հաստատումն է նաև այն, որ վագոնի շրջանառությունը երկու
անգամ կրճատվել է, գնացքի զանգվածն ավելացել է 1,5 անգամ, գնացքների երթևեկության
արագությունն ավելացել է 1,5 անգամ: Այս բոլոր բնութագրերը խոսում են այն մասին,
որ ներդրումներն արդյունավետ են, դրանք անհրաժեշտ էին, և դրանց ազդեցությունը
սպառողներին մատուցվող ծառայությունների արժեքի վրա պատշաճ չէ, քանի որ
ներդրումները ներգրավվել են գլխավոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից:
«Այդ ծավալի փողերը հնարավոր չէ նեգրավել Հայաստանի տնտեսությունից», - ընդգծել է
գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում ելույթի ժամանակ Արտակ
Շաբոյանն ընդգծել էր, որ 2014 թվականին հանձնաժողովի կողմից անցկացված
հետազոտությունները պարզել են, որ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված 91 մլրդ դրամ
ներդրումների ֆոնին ընկերությունում կուտակվել է նաև 9,3 մլրդ դրամի վնաս:
«Ստացվում է, որ ներդրումների աճին զուգընթաց աճում է նաև ընկերության վնասի
չափը», - նշել էր Շաբոյանը: Նա հիշեցրել էր, որ մարտի 13-ին ՏՄՊՊՀ ՀԿԵ-ին նախազգուշացում
էր արել հայտնաբերված խախտումների համար: Հանձնաժողովը հետազոտել էր երկաթուղային
փոխադրումների շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ՀԿԵ գործունեությունը`
մենաշնորհային դիրքի չարաշահման փաստեր հայտնաբերելու նպատակլով: Հանձնաժողովը
պարզել է, որ վերջին երեք տարում ընկերությունը չհիմնավորված բարձրացրել է
միջպետական և ներպետական բեռնափոխադրումների սակագները, ինչի առնչությամբ
հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներ է իրականացրել: Այսպես, ՏՄՊՊՀ տվյալներով,
2011 թվականից ի վեր ՀԿԵ պարբերաբար բարձրացրել է բեռնափոխադրումների սակագները,
որոնք 2011-2014թթ. ավելացել են 5-17%-ով` ներպետական փոխադրումների, և մինչև 17%`
միջպետական փոխադրումների համար:
Շաբոյանը հաղորդել էր, որ կուսումնասիրվի նաև գնումների
կազմակերպման գործընթացը, քանի որ ՀԿԵ ինքնուրույն է որոշում, թե երբ, ինչպիսի և
ինչ արժեքով գնումներ իրականացնի: Հաշվի առնելով ընկերությունում ձևավորված խոշոր
վնասի փաստը` հանձնաժողովը որոշել է նախազգուշացնել ընկերությանը և պահանջել,
որպեսզի ՀԿԵ-ն հետևի մրցակցային օրենսդրությանը և ձեռնպահ մնա չարաշահումներից:
Հայտնաբերված խախտումների փաթեթը կուղարկվի Տրանսպորտի և կապի նախարարություն,
քանի որ հայտնաբերված հիմնական թերությունները շոշափում են նախարարության
ենթագերատեսչական հարցեր: Հանձնաժողովը նաև իր առաջարկություններն է պատրաստել
ստեղծված իրավիճակի շտկման համար, որոնք կներկայացնի շահագրգիռ կողմերին:
«Հարավկովկասյան
երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ 100% դուստր ընկերություն է:
«Հայկական երկաթուղի» ՓԲԸ «ՀԿԵ» ՓԲԸ
կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված
պայմանագրով: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` ևս 10 տարի
երկարաձգման իրավունքով: