Մայիսի 26-ին Երևանում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը, որը վարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, նիստի շրջանակներում ներկայացվել են ընկերության 2015 թվականի և 2016 թվականի առաջին եռամսկայի գործունեության ֆինանսատնտեսական արդյունքները, քննարկվել ընթացիկ նախագծեր, հաստատվել բարեգործական բյուջեն: Քննարկումների արդյունքում բոլոր ներկայացված հարցերով տրվել են դրական եզրակացություններ: Շեշտվել է, որ չնայած երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում տիրող բարդ իրավիճակին, «ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է առանց վնասների, իսկ կոնցեսիոն պարտավորություններն ընկերությունը կատարել է 102%-ով:
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հարավկովկասյան երկաթուղին ցուցադրել է դրական դինամիկա: Ներդրումային ծրագիրը կատարվում է կոնցեսիոն պայմանագրի համաձայն, իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է 10%-ով», - նշել է Օլեգ Բելոզյորովը:
Երևանում կայացել են նաև հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Կողմերը քննարկել են կոնցեսիոն պայմանագրի կատարման ընթացքը:
2008-2015 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղին», որը հանդիսանում է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարող, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում ներդրել է 104 մլրդ 456 մլն դրամ: Նախատեսվում է, որ 2016 թվականին ծախսերը ներդրումային ծրագրով կկազմեն 2 մլրդ 520 մլն դրամ, ինչը թույլ կտա լիովին կատարել ներդրումային պարտավորությունները 2008-2016 թթ համար և իրականացնել Հայաստանի երկաթուղային օբյեկտների արդիականացումը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհուրդը գլխավորում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը ՌԵ-ն տալիս է հայաստանյան դուստր-ձեռնարկության գործունեությանը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: