Զինվոր Ալբերտ
Սաֆարյանի ինքնասպանության փաստին առնչվող քրեական գործով ձերբակալվել են նրա երեք ծառայակիցները` վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի
ծառայությունից, զինծառայողները կասկածվում են ՀՀ
քրեական օրենսգրքի 359-րդ
հոդվածի 1-րդ
մասով և
359-րդ հոդվածի 2-րդ մասի
2-րդ կետով
նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ
(մի խումբ
անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց
միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն
արտահայտվել է
ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ
բռնի գործողություններ կատարելով), իսկ
վաշտի ավագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով
նախատեսված հանցագործություն կատարելու մեջ
(զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ
նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):