Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն անցկացվեցին ՙՀիշում եմ և պահանջում՚ կարգախոսով, ինչից հետո ՀՀ նախագահն իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը որևէ ռեպարացիայի պահանջ չի ներկայացնում Թուրքիային: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ է հետապնդում Ցեղասպանության փաստի ճանաչմանը և փոխհատուցմանն ուղղված հայության քաղաքականությունը:
Ցավոք, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների ՙկարգավորման՚ վերջին տարիների պրակտիկան ցավալի արդյունքների հանգեցրեց: ՙՖուտբոլային դիվանագիտության՚ մտահղացումը, ըստ էության, իրավիճակն ինչ-որ մի սառը հավասարակշռության վիճակից բերեց փոխադարձ և թեժ անհանդուրժողականության և նույնիկ թշնամանքի վիճակի, ըստ որում`պաշտոնական մակարդակով: Եթե գործող ղեկավարությունը հենց այդ խնդիրն էր դրել իր առջև, կարող է պարծենալ իրենով: Ցեղասպանությունը համազգային նշանակություն ունեցող հարց է, այդ պատճառով դրա շուրջ ցանկացած ընդհատակյա խաղ անընդունելի է: Անկարան փորձում է հարցը դիտարկել վերացական, ակադեմիական մթնոլորտում, ինչը հղի չէ ժամանակակից Թուրքիայի համար իրավական և, բնականաբար, նյութական հետևանքներով:
Հայությունն իր հերթին պետք է պահպանի ժամանակների կապը, քանի որ Հայոց ցեղասպանության հետևանքների առկայության վկայությունն ամբողջ աշխարհում սփռված հայկական սփյուռքն է: Սփյուռք, որը կորցրել է սեփականությունը, ֆինանսական միջոցները`էլ չխոսելով այդ տարիներին սպանվածների թվի մասին: Բոլոր այդ հարցերն անցյալում չեն, դրան ակտուալ են և ներկայումս իրենց շարունակությունն ունեն:
Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի պետությունն այդ ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, պետք է հստակ ձևակերպի այդ խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը, այլ ոչ թե խորամանկորեն աչքով անելով շրջապատողներին` Թուրքիային առաջարկի ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ ՙմենք այսօր առայժմ ոչինչ չենք առաջադրում՚: Չգիտեմ, թե ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանի դիրքորոշումը նման կերպ ներկայացնող անձինք: Նման դիրքորոշումն անլրջմիտ է: Թուրքական կողմը միանշանակ պետք է իմանա, թե ինչ է հաջորդելու Ցեղասպանության ճանաչմանը: Բայց առաջին հերթին այդ մասին պետք է իմանան մեր ազգի բոլոր ներկայացուցիչները`ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, քանի որ մենք բոլորս այս կամ այն չափով այդ ողբերգության զոհերի ժառանգներ ենք: Այդ ամենն անհրաժեշտ է պարզորոշ և հստակ կերպով ներկայացնել ոչ միայն Թուրքիային, այլ նաև սեփական հասարակությանը, ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը: Եվ ես որևէ խոչընդոտ այդ ճանապարհին չեմ տեսնում, համապատասխան շրջանակներում նման ցանկության բացակայությունից բացի:
Ենթադրենք, որ նման ցանկություն իշխանությունների մոտ հանկարծ առաջանա: Դուք, իրո՞ք, կարծում եք, որ այսօր Հայաստանը կարող է լրջորեն հասնել Թուրքիայից ռեպարացիաների 100 տարի առաջ իրագործված Ցեղասպանության համար:
Այդ աշխատանքն սկսելու բավականաչափ ռեսուրսներ Հայաստանն ունի:
Այլ բան է, որ դրա համար պատասխանատու մարդիկ դա սկսել չեն ցանկանում: Դրանում է ողջ խնդիրը: Համապատասխան փորձագիտական խմբերի ձևավորման դեպքում, որոնք կզբաղվեին խնդրի մշակմամբ, միանգամայն հնարավոր է նաև Թուրքիայից փոխհատուցման պահանջների աննպատակահարմարության վերաբերյալ եզրահանգումը: Բայց դրա համար պետք է գոնե սկսել այդ աշխատանքը, այլ ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ անել:
Իհարկե, պետք չէ մանրմասն բացահայտել բոլոր ծրագրերը, բայց կան բաներ, որոնց առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը պետք է հնարավորինս հստակ ներկայացվի, քանի որ դա զգալիորեն կհեշտացնի արդարությանը հասնելու ճանապարհը:
Հետևելով վերջին ամիսներին իշխանությունների հռետորությանը`տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չունի ավելի կարևոր ուղղություններ արտաքին քաղաքականությունում և, գլխավորը, խնդիրներ երկրի ներսում, քան Ցեղասպանության միջազգային ճանաչումը...
Հայաստանի գլխավոր խնդիրներն ամենից առաջ ներքին իրավիճակի մեջ են խմբված`Հայաստանում գործող պետական կառավարման համակարգի անգործունակության հետևանքով ձևավորված միանգամայն անընդունելի իրականության տեսքով: Եվ դա գլխավոր խնդիրն է, որը հայերը`որպես գրեթե զրոյից պետականություն ստեղծող ժողովուրդ, պետք է այսօր լուծեն:
Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, համբերություն, արհեստավարժություն և սկզբունքայնություն, ինչը մեզ ընդհանուր առմամբ պակասում է`տարբեր պատճառներով, առաջին հերթին` երկար տարիներ Հայաստանի`որպես պետություն, կայացմանը դիմադրող այդ նույն համակարգի հակազդման: Այդ դիմադրությունը կոտրելու դեպքում միայն մենք կլուծենք մեր հիմնական խնդիրը, ինչից հետո կարող ենք ձեռնամուխ լինել մնացած արտաքին և ներքին խնդիրների կարգավորմանը:
Իշխանությունները, կարծես, ձգտում են տնտեսությունում առկա խնդիրները լուծել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումից ստացված արտոնություններով: Կարելի՞ է արդյոք այսօր ենթադրել, որ այդ անդամակցումը թելադրված էր այդ թվում տնտեսական շահերով:
Իր իսկ գոյությամբ Հայաստանի առաջընթացին հակազդող համակարգի արտաքին քաղաքականության մասին այսօր գործնականում անհնար է դատողություններ անել: Այդ քաղաքականությունը պետության քաղաքականություն չէ, այլ պաշտոնյաների որոշակի խավի քաղաքականություն, որը մեկ խնդիր է լուծում`սեփական գոյատևման: Հայաստանի շահերին հակասում է ոչ թե Եվրասիական միությանը միանալը, այլ այն, որ Հայաստանին ԵՏՄ-ին միացրել են այդ մարդիկ: Նրանք Հայաստանը կվարկաբեկեն ցանկացած միությունում, լինի դա ԵՏՄ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ կամ նույնիսկ Եվրամիություն`այն պարզ պատճառով, որ ցանակացած միությունում նրանք բացառապես անձնական շահեր են հետապնդելու:
Ձեր կարծիքով, գործնական-քաղաքական ինչպիսի՞ հետևանքներ ունեցան Եվրախորհրդարանի բանաձևը, Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչունը, Հռոմի պապի ելույթը:
Եվրախորհրդարանի բանաձևի, Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Հռոմի պապի ելույթի քաղաքական հետևանքները միանշանակ են`Եվրամիության, եվրոպական, քրիստոնեական հանրության հարաբերությունների սառեցում Թուրքիայի հետ: Բնական է, որ Արևմուտքի կողմից Թուրքիային հարաբերությունների նման սառեցման դրդելու պայմաններում, այն վերջինիս հանգեցնում է նոր գործընկերներ գտնելու փորձերի, որոնցից ամենահարմարն այսօր Ռուսաստանն է: Հատկանշական է, որ Արևմտյան աշխարհի ներկայիս ողջ քաղաքականությունն ակտիվորեն դեպի միմյանց է մղում այդ երկու երկրներին: Մոսկվայի և Անկարայի մերձեցման ճանապարհին որոշակի սահմանափակումներ կան, առաջին հերթին`Ռուսաստանի համար: Մոսկվան երբեք չի կարող այդ սահմանն անցնել, քանի որ դա աղետալի կլինի իր համար: Սակայն, դա չի խանգարում Անկարային հետևողականորեն պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, որն իր էներգակիրների Արևմուտք տարանցման հետ կապված մեծ հույսեր է կապում Թուրքիայի հետ:
Բացեք փակագծերը, ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը:
Թյուրքական տարրը բավականին մեծ քանակությամբ ներկայացված է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մերձակա պետություններում, որոնք, այսպես թե այնպես, խնդրահարույց կդառնան Ռուսաստանի համար: Եթե, իհարկե, Մոսկվան մոտ ժամանակներս իր շահերի պաշտպանությանն ուղղված արմատական քայլերի չգնա, օրինակ`Հյուսիսային Կովկասում: Հետևաբար`Ռուսաստանի համար Թուրքիայի հետ այսօրվա մերձեցումը ոչ այնքան ռազմավարություն է, որքան մարտավարություն, ինչը կօգնի Մոսկվային դիմադրել արևմտյան պատժամիջոցներին:
Լավ, բայց այդ դեպքում հաջորդ հարցն է ծագում: Արևմտյան աշխարհի ինչի՞ն է պետք Ռուսաստանին Թուրքիայի գիրկը մղել կամ ընդհակառակը:
Ռուսաստանին Թուրքիայի գիրկը մղելով`Արևմուտքը տրոյական ձի է գործուղում Մոսկվա: Ուկրաինայի իրադարձությունները պետք է շարունակություն ունենան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Արևմուտքում ձևավորված աղեղի այդ շարունակության մեջ`բաղկացած Լեհաստանից, Մերձբալթիկայից, իսկ այժմ արդեն Ուկրաինայից, Թուրքիան կարող է իր դերը խաղալ, եթե, իհարկե, թույլ տա Ռուսաստանի հետ գրկախառնությունների աստիճանը: Հայաստանում, օրինակ, Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամություն կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ ռուս-թուրքական մերձեցումը վնասի Հայաստանի շահերին:
ՌԴ նախագահի ներկայությունը ՙԾիծեռնակաբերդում՚, կարծես, բացառում է հայկական խաղաքարտի առկայությունը Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում...
Հայկական խաղաքարտը միշտ առկա է եղել և կլինի այդ հարաբերություններում: Այլ բան է, որ այդ հարցում որոշակի սահման կա, որը Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը ոչ մի կերպ անցնել չի կարող: Մեկ բան է սակարկել Թուրքիայի հետ Արցախի տարածքների մի մասն Արբեջանին հանձնելու և փոխարենը ինչ-որ այլ արտոնություններ ստանալու շուրջ, բոլորովին այլ բան`Հայաստանի անկախության ոչնչացումը կամ Արցախի լիակատար անջատումը: Այսինքն` այդ զիջումների միջև որոշակի սահմաններ կան: Եվ մեծ հաշվով այդ սահմաններն ամենևին էլ այսօր չեն գծվել: Սերժ Սարգսյանը, դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ, հայտարարելով, որ ՙԱղդամը մեր հայրենիքը չէ՚, ցույց էր տվել այդ սահմանների առկայությունը: Այսինքն`սակարկություն բավականին վաղուց է ընթանում:
Սակարկություն, ինչպես Դուք եք ասում, տեղի է ունենում, բայց ստատուս-քվոն առաջվա պես անխախտելի է...
Այն, որ սակարկությունը բավականին վաղուց է ընթանում, բայց Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն առաջվա պես անխախտելի է, բացատրվում է փոխադարձ առաջարկների առնչությամբ կողմերի երկուստեք համաձայնության բացակայությամբ: Ադրբեջանին հարկավոր է ամեն ինչ, քանի որ Բաքուն ելնում է այն բանից, որ Ռուսաստանին շատ քիչ ժամանակ է մնացել և այն պետք է այսօր կամ վաղը որոշում կայացանի: Եվ Ղարաբաղի հարցում Ադրբեջանը կարող է թույլ տալ իրեն ևս ինչ-որ ժամանակ սպասել`ի տարբերություն Ռուսաստանի, որի վրա բոլոր կողմերից ճնշում է գործադրվում: Այլ կերպ ասած`արևմտյան հակառուսական պատժամիջոցներն առաջին հերթին ձեռնտու են Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ այդպիսով իրենք Ռուսաստանի նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու հնարավորություն են ստացել: Այս իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ամեն ինչ անել`խուսափելու համար ցանկացած կորստից, առաջին հերթին`տարածքային:
Ըստ երևույթին, ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ Լոզանի համաձայնագրերը նոր տրոյական ձի են մտցրել այդ խաղում` ի դեմս Իրանի: Եվ Ռուսաստանի կողմից հատուկ սպառազինությունների և, մասնավորապես, С-300 զենիթահրթիռային համալիրների Իրան մատակարարման արգելքի վերացումը վկայում է Մոսկվայի կողմից իրավիճակի ողջ նրբության ընկալման մասին...
Անվիճելի է, որ Արևմուտքի կողմից գլոբալ խաղի մեջ նոր խաղացող մտցնելը`ի դեմս Իրանի, զգալիորեն կփոխի առկա իրավիճակը: Մասնավորապես, Արևմուտքի կողմից Իրանի ապաշրջափակումը կոչված է նպաստելու Ռուսաստանի վերջնական շրջափակմանը: Եթե ավելի վաղ Մոսկվան հույսը դնում էր Թեհրանի`առնվազն չեզոք, հուսալի գործընկերոջ վրա, այսօր Իրանը կարող է տարածաշրջանային նոր դեր ստանձնել, ինչը բացասաբար կանդրադառնա այդ նույն տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վրա: Եվ ես ամենևին վստահ չեմ, որ Ռուսաստանի կողմից հատուկ սպառազինությունների և, մասնավորապես, С-300 զենիթահրթիռային համալիրների Իրան մատակարարման արգելքի վերացումը կհավասարակշռի հնարավոր արտանությունները, որոնք Թեհրանը կարող է ստանալ ԱՄՆ-ից: Չեմ բացառում, որ այդ պայմաններում Ռուսաստանը կարող է ավելի շատ արտոնություններ առաջարկել, օրինակ`միջնորդական դեր իր հյուսիսային սահմաններում հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանի ներկայիս քաղաքականության վնասակարությունը դրսևորվում է, օրինակ, Պուտինի այն համոզման մեջ, որ Արևմուտքը ճնշման է ենթարկում Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ընկալում է որպես №1 մրցակից:
Իրավիճակը սխալ գնահատող կողմը չի կարող հակազդեցություն ցույց տալ դրա զարգացմանը, ինչպես այսօր տեղի է ունենում Ռուսաստանի դեպքում: