Շատ շուտով Հայաստանին, ըստ երևույթին, սպասվում է մասնակի վերադարձ սոցիալիզմի կառուցման`մոռացության մատնված ժամանակները, երբ երկրում ամեն բան որոշվում էր ոչ թե նախագահի և նույնիսկ վարչապետի, այլ`ՙԿուսակցության՚ կողմից: Համենայն դեպս, նման եզրակացության ենք հանգում երկրի Սահմանադրության բարեփոխման նախագծի վերլուծության փորձ կատարելիս:
Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ում ինչպես հարմար է, սակայն իրականում բարեփոխված Սահմանադրությունը քիչ բան կարող է փոխել մեր քարացած և ճահճացած ներքին քաղաքականությունում: Հայտնի է, որ բոլոր գլխավոր հարցերը Հայաստանում արդեն վաղուց որոշվում են ոչ թե կառավարության կաբինետներում և նույնիսկ ոչ Բաղրամյան 26-ում:Դրանք որոշվում են մեկի գլխում, երբեմն` մի քանիսի թելադրանքով, և հնչեցվում Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհրդի հերթական նիստից հետո:
Այդպիսով, պարզ է դառնում, երկրի կառավարման սկզբունքներում իրական փոփոխություններ, բարեփոխված Սահմանադրության ներդրումից հետո, սպասել պետք չէ: Կփոխվի ձևը, բայց ոչ բովանդակությունը: Իսկ ձևի փոփոխությունն առաջին հերթին անհրաժեշտ է հիշյալ ՙբարեփոխումների՚ նախաձեռնողներին`անցանկալի, սակայն ժողովրդավարական երկրների միջազգային քաղաքական բառապաշարում տարածված ՙկաղ բադ՚ հասկացությունից շուտափույթ հրաժարվելու անհրաժեշտությամբ:
2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո լեգիտիմությունից զուրկ Հայաստանի նոր նախագահը պատահական չէ, որ երկրորդ ժամկետում վերընտրվելուց հետո սկսեց մտածել երկրի հիմնական ռեսուրսները վերահսկող կառավարող ընտրախավի վերարտադրության մեխանիզմներ մշակելու մասին: Այդ մտորումներում կարևոր դեր խաղացին նաև վերջին ընտրություներում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած շուրջ 37% ՙպաշտոնական՚ ձայները: Ընտրազանգվածի փոփոխական տրամադրությունները, վերջինիս թվացյալ անտարբերությունը և հոգնածությունը մշտական ու համակարգային սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունների մեծ անհանգստության հիմնական պատճառն է, որը գիտակցում է ՙշշից դուրս եկած ջինի՚ կործանարար ուժը և այդ պատճառով ձգտում է չեզոքացնել այդ լարվածությունը`երկրի կառավարման նոր կառուցվածքի ստեղծման միջոցով`իրավունքների և լիազորությունների լղոզված համակարգով, էլ չխոսելով պատասխանատվության մասին: 2008 թ.մարտի 1-ի ողբերգական հետընտրական իրադարձությունները, 2013 թ. փետրվարի հուզումները, երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացումն ակնհայտորեն ցույց տվեցին իշխանություններին նախագահական ընտրությունների ինստիտուտից ազատվելու անհրաժեշտությունը: Գոյություն ունեցող իշխանական բուրգից դժգոհության մշտական հասունացման պայմաններում նախագահական ընտրությունները չափազանց վտանգավոր դարձան այդ նույն իշխանության համար:
Հայաստանի նախագահին առընթեր համապատասխան հանձնաժողովի կողմից հուլիսի 15-ին հասարակությանը ներկայացված`Սահմանադրության բարեփոխման նախագծի յոթ գլուխների մակերեսային վերլուծությունն անգամ հստակ ուրվագծում է այդ մտահղացման գլխավոր նպատակները:
Հաշվի առնելով Սահմանադրության բարեփոխված նախագծի դրույթները`երկրի լիարժեք կառավարման համար Սարգսյանին անհրաժեշտ չի լինի զբաղեցնել ո’չ նախագահի, ո’չ խորհրդարանի խոսնակի, ո’չ նույնիսկ վարչապետի պաշտոնը, որին նոր հիմնական օրենքը մեծ լիազորություններով կօժտի: Նրան կպահանջվի միայն ՙկուսակցության՚ առաջնորդի պաշտոնը, քանի որ հենց ՙկուսակցությունն՚ է պաշտոնապես ընտրելու, իսկ փաստացի նշանակելու թե’ նախագահին, թե’ խորհրդարանի խոսնակին, թե’ կառավարության ղեկավարին: Հաշվի առնելով Հանրապետական կուսակցության ղեկավար կազմին բնորոշ որոշակի առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանում այնպիսի հասկացության բացակայությունը, ինչպես`քաղաքական և առավել ևս կուսակցական մշակույթը, պարզ է դառնում, որ ՀՀԿ-ն հենց այդ կուսակցությունն է` մեկ մարդու կուսակցությունը:
Վերոշարադրյալի արդյունքները խիստ անմխիթարական կթվան շատերի համար: ՙԿուսակցությունը՚`տվյալ դեպքում ի դեմս ՀՀԿ-ի, փաստացի Հայաստանի կառավարման անժամկետ մենաշնորհ է ստանում: Եվ այդ ճանապարհին այն դեռևս երկու խոչընդոտ ունի` մտածված սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու հանրաքվե և երկրի օրենսդրական մարմնի ընտրություններ: Հաշվի առնելով այդ երկու ժողովրդական կամարտահայտման կարևորությունը`կասկած չի հարուցում, որ թե’ մեկ, թե’ մյուս դեպքում գործի է դրվելու հայկական ընտրություններում ավանդական ողջ գործիքակազմը: Դրանց թվում են ուռճացած պետական ապարատը`իրավակարգի իր պատժիչ մարմիններով, և չինովնիկական խավը`վարչական ռեսուրսի ողջ զինանոցով: Վերջին տարիների գրեթե բոլոր ընտրությունները վկայում են նման միջոցների հաջողվածության մասին:
Այս առումով Սահմանադրության բերափոխման նախագծի`բավականին հում և հաճախ հակասական կետերի մանրամասն ուսումնասիրման և վերլուծության փորձերը, ըստ էության, անիմաստ են: Հատկանշական է, թերևս, բազմաթիվ կետերից մեկը, որը վերաբերում է դե-յուրե երկրի գլխավոր անձի`վարչապետի նշանակման ընթացակարգին: Բնական է, որ ՙբարեփոխումների՚ հեղինակներն այդ գործառույթները վերապահում են խորհրդարանին: Իսկ որպեսզի ոչ ոքի և, ամենից առաջ, հանրապետականների մոտ կասկածներ չառաջանան վերջինիս ապագա կազմի առնչությամբ, ՙբարեփոխումների՚ նախագիծը ենթադրում է լիակատար հրաժարում մեծամասնական պատգամավորներից և … ապագա գումարման խորհրդարանում կուսակցություններից մեկի ՙկայուն մեծամասնության՚ պարտադիր առկայություն:
ՙԲարեփոխման՚ նախագծի չորրորդ գլխի 89-րդ հոդվածի չորրորդ կետն ասում է, որ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Այդ խորհրդարանական մեծամասնությունը, մեր դեպքում`ՙկուսակցությունը՚, պետության առաջին դեմքին`վարչապետին նշանակելու արտոնություն է ստանում: Բնական է, որ այդ առաջին դեմքն ամբողջությամբ կախված կլինի ՙկուսակցության՚ առաջնորդից:
Այսպիսով, պետք է փաստենք, որ անվանապես հրաժարվելով պետական բոլոր պաշտոններից, բայց իր ձեռքում պահելով փաստացի իշխանության ղեկը`Սերժ Սարգսյանը մտադիր է դառնալ հայկական Բիձինա Իվանիշվիլի: Վրացի միլիարդատերը Վրաստանում իշխանության եկավ`հենվելով իր միլիարդների և դրանցով պայմանավորված`ժողովրդական իրական աջակցության վրա: Սերժ Սարգսյանը որոշել է իշխանության ղեկին մնալ`հենվելով բացառապես ՙկուսակցության՚ և վերջինիս միլիարդների վրա: Մնացած ամեն բան և, առաջին հերթին, հայ հասարակության կողմից Սահամանադրության բարեփոխման նախագծի քննարկումը մեծ հաշվով էական չէ, և նույնիսկ մի քիչ ծիծաղելի է: