Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցման համաձայն, Հայաստանի ամենաաչքի ընկնող ընդդիմադիր գործիչներն են`ՙԺառանգություն՚ կուսակցության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում GALLUP International Аssociation-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը`ներկայացնելով հարցման արդյունքները:
Նա նշել է, որ հարցման մասնակիցներին ներկայացվել է քաղաքական գործիչների ցուցակը, որոնց իրենք պետք է գնահատեին 5-բալանոց համակարգով: Հարցման համաձայն, Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Նիկոլ Փաշինյանն ստացել են 3,8-ական բալ: Նրանց հաջորդում են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը`3,7 բալ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`3,7 բալ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը`3,6 բալ: Ընդդիմադիր քաղաքական գործիչների ցուցակը եզրափակում են ՙՕրինաց երկիր՚ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը (2,3), ՙՕրինաց երկիր՚ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը (2,2) և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (2,2):
Նավասարդյանը նշել է, որ հարցումն իրականացվել է մինչև ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկայնի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունները, հետևաբար`այդ իրադարձություններից հետո տվյալները կարող էին լուրջ փոփոխություններ կրել: Հարցման մասնակիցները պետք է 5-բալանոց համակարգով գնահատեին քաղաքական ուժերի ընդդիմադիր գործունեությունը: Այդ վարկանիշում ՙԺառանգություն՚ կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել`ստանալով 3,7 բալ, հաջորդում են ՙԲարգավաճ Հայաստանը՚`3,63 բալ, ՀԱԿ-ը`3,62 բալ, ՀՅԴ-ն`3,2 բալ, իսկ ցուցակը եզրափակում է ՙՕրինաց երկիրը՚`2,4 բալ:
Նշենք, որ Gallup International Association-ի գահաստանյան գրասենյակը հարցում է անցկացրել նոյեմբերի 20-27ը Հայաստանի ամբողջ տարածքում 1067 քաղաքացիների շրջանում: