Գյումրիի Ժուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, Ֆեյսբուքում տեղադրել է մի գրություն, որը հայրը թողել է ձերբակալվելուց հետո։
Գրության վերեւում նկարված է 1000 դրամանոց դանակը, որը ձերբակալության հիմք է հանդիսացել: ՙԱզատությունը գին ունի, և ես միշտ վճարում եմ այդ գինը՚,-ասվում է գրության մեջ: Բարսեղյանը խնդրում է իր համար չանհանգստանալ: ՙՄտածեք ՙՍասնա ծռերի՚ և ոստիկանության հնարավոր բախումը թույլ չտալու մասին՚,- հայտարարել է նա:
Լևոն Բարսեղյանը նշել է է, որ ՙՀայաստանում քաղբանտարկյալներ չպիտի լինեն: Չվախենաք, չնահանջեք, չզիջեք՚,-եզրափակել է լրագրողը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Լ.Բարսեղյանը ձերբակալվել է։