Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես՚-ի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ՙՀամանախագահները մոտ օրերս տարածաշրջան այցելելու պլաններ չունեն, սակայն հուսով ենք, որ մոտ ապագայում կլինի այդպիսի այց: Մեր նպատակն այն է, որ քննարկենք կարգավորման շուրջ բանակցություններն առաջ տանելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկներ ենք ներկայացնելու բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ՚,- ասել է միջնորդը:
Մեկնաբանելով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերի քննարկումից հետո իրավիճակը, ինչպես նաև Բաքվի կողմից համանախագահներին կանխակալ վերաբերմունքի մեջ մեղադրելը՝ Ուորլիքը հայտարարել է. ՙՄենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում և պաշտպանում ենք իրենց ցանկությամբ հարցեր առաջ քաշելու Հայաստանի ու Ադրբեջանի իրավունքը: Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որ ընդունել են կողմերը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան բանակցային կարգավորման շուրջ Մինսկի խմբի հետ սերտորեն աշխատելու իրենց հանձնառությանը՚:
Համանախագահի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն կշարունակի միջնորդական ջանքերը տևական կարգավորում գտնելու ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը հավատացած են, որ մեր ջանքերն օգտակար են: ՙԻսկ լուծման
համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն: Կարգավորման բանալին նախագահների ձեռքին է: Մենք ուզում ենք նպաստել առավել ինտենսիվ երկխոսության և առավել համակարգված բանակցությունների կայացմանը, որպեսզի խաղաղության ուղղությամբ նրանք կարողանան առաջընթաց արձանագրել՚,- նշել է նա: