Մենք ուշադրությամբ հետևում ենք ԵՄ գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու գործի հետաքննությանը: Այդ մասին այսօր Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
ՙԱյդ գործի հետաքննությամբ զբաղվելը մեր իրավասության մեջ չէ, սակայն մենք ունենք այդ հարցով իրավապահ մարմիններում մեր շահերը ներկայացնող ներկայացուցիչ: Այն, որ դրամաշնորհից գումարներ են հափշտակվել, հայտնաբերել ենք ինքներս՝ սեփական հետաքննության շրջանակներում: Բայց այսօր դրանով զբաղվում են Հայաստանի իրավապահ մարմինները՚,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ 2016 թ. մարտի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով: Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդե հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիքե անվամբ կեղծ ծրագիր և դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել և հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բազմածավալ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: