Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը մտադիր է բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտարարել է Ալումյանը, Բուդաղյանի դեմ գործը կեղծված է: ՙ70 էջ փաստաթղթերից ոչ մեկը նրա հետ որևէ առնչություն չունի՚,- հայտարարել է նա: Նրա խոսքով, այդ գործում տող անգամ չկա այն մասին, թե ինչպես է Բուդաղյանը ստիպել գործով անցնող երեք անձի մահափորձ կատարել Սյունիքի մարզպետի նկատմամբ: Ինչպես հավաստում է փաստաբանը`վկայակոչելով իր պաշտպանյալին, Բուդաղյանը գործով անցնողներից երկուսին ընդհանրապես չի ճանաչում, իսկ մեկին գիտի, քանի որ նույն դպրոցում են սովորել: Նշենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ արեն Ռոմիկի Աթաջանյանը , Հենրիկ Շահենի Ավագյանը և որիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ << ԱԿ-74 >> տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նշենք, որ մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհին Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակվել էր 13 կրակոց, կոտրվել էին մեքենայի առջևի և կողքի ապակիները, այդուհանդերձ, ոչ Խաչատրյանը, ոչ նրա ուղեկիցները չէին տուժել: Փաստի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել մահափորձի և զենքի ապօրինի շրջանառության համար, հարցաքննվել է 30 մարդ: