ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման առնչությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:
Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ելույթ ունենալով ցուցարարների առջև՝ նա, մասնավորապես, ասել է. ՙԱյսօր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, տստ որում՝ տարօրինակ հայտարարությամբ, որում նշել է, որ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը: Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա: Բայց երբ նման հայտարարությամբ հանդես է գալիս ՀՀ առաջին նախագահը, դա արդեն տարօրինակ է, քանի որ նա կոչ է անում չպարզել հիվանդության պատճառը՝ թողենք հիվանդը մեռնի, դիահերձումից կհասկանանք հիվանդության պատճառը՚: Փաշինյանի կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ-ի հարցում, այսպես կոչված, Լավրովի պլանն իրագործելու համար: ՙԴա ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Աշխարհաքաղաքական շահերից բացի, կա նաև անձնական շահ: Տեր-Պետրոսյանը փորձում է օգնել Սերժ Սարգսյանին` ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ապացուցի, որ 1997-98 թթ. ինքը ճիշտ էր: Զիջումների համար պետք է համապատասխան մթնոլորտ լինի: Ալիևի ագրեսիվ պահվածքի պայմաններում որևէ զիջման մասին խոսելը նշանակում է խոսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի մասին՚,- ասել է Փաշինյանը:
Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, հայտարարել էր. ՙՈորպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.
– Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։
– Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։
– Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։
– Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։
– Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից՚: