Հայ և ադրբեջանցի դիվանագետների որևէ աշխատանք տվյալ պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արմատական փոփոխությունների հանգեցնել չի կարող: Այդ մասին այսօր ղարաբաղյան թեմայի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում կարգավորման գործընթացում և արցախյան ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, տրամաբանական է, քանի որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը մաքսիմալիստական մոտեցումներ ունեն: ՙՀայկական կողմերը ցանկանում են Արցախի անկախությունը, Բաքուն՝ վերջինիս ինքնավարությունը, հետևաբար՝ մոտ ապագայում հարցի կարգավորման մասին խոսելն ավելորդ է՚,- նշել է նա: Ըստ որում, փորձագետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները նույնպես հակամարտության շուտափույթ կարգավորման խնդիր չեն դնում: ՙՆրանց խնդիրն է՝ շարունակել միջնորդների մասնակցությամբ երկխոսությունը և պահպանել ստատուս-քվոն, որը տվյալ պահին ամենաօպտիմալ տարբերակն է՚,- նշել է քաղաքագետը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրոկոսյանն իր հերթին նշել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: ՙԱկնհայտ է, որ Բաքուն ջանք չի գործադրում խաղաղ կարգավորման համար, ավելին՝ հակահայկական քարոզչությունն ուժեղանում է, այսինքն՝ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմի պայմաններում՚,- նշել է նա:
Փորձագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները մեղավոր չեն կարգավորման հարցում տեղաշարժերի բացակայության համար, քանի որ կողմերի մոտ քաղաքական կամքի բացակայության պայմաններում դա հնարավոր չէ: ՙՀաշվի առնելով Բաքվի ձախողումները ներքին ժողովրդավարության հարցերում և արտաքին քաղաքականությունում անհաջողությունները՝ Երևանը շահում է: Սակայն, Հայաստանի հաջողությունը կախված է Ադրբեջանի ձախողումներից՚,- նշել է քաղաքագետը:
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է դեկտեմբերի սկզբին՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին: Հայկական կողմը նույնպես հայտարարել է այն մասին, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին, սակայն ադրբեջանական կողմն ասում է, որ հստակ պայմանավորվածություն այդ հարցի առնչությամբ չկա: