«Moody’sե գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել ևս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am կայքում զետեղված հարցազրույցում:
Նրա ասելով, այսօր Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին հուսադրող ոչինչ չի կարելի ասել: «Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի և դրա արդյունավետության բարձրացման շարժիչըե, - նշել է ՀՀ երկրորդ նախագահը: Նա կարծում է, որ միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել: «Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արևմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր և Իրանի միջև առևտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերևս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի և անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանաե, - փաստել է Ռոբերտ Քոչարյանը, ընդսմին նշելով, որ առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: «Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, և ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որևէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնումե, - կարծում է Հայաստանի երկրորդ նախագահը:
Նրա համոզմամբ, տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար երկրի իշխանություններն, առաջին հերթին, պետք է ընդունեն հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվեն հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: «Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետե, - ընդգծել է Ռոբետ Քոչարյանը: