Հոկտեմբերի 6-ին և 7-ին Թուրքիայի ռազմական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում, և այդ հարցը, նույնիսկ, գաղտնի կարգով քննարկվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, հաղորդում է «Հրապարակը»:
Այդ առնչությամբ թերթը մեկնաբանություն է վերցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանից, ով հաստատել է տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին Թուրքիայի ռազմական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում` 2 և 4 րոպեի ընթացքում: Սակայն այն բանից հետո, երբ հայ դիսպետչերները կապվել են թուրք գործընկերների հետ, խնդիրը հարթվել է, Թուրքիայի ուղղաթիռները վերադարձել են իրենց օդային տարածք: Թուրքական դիսպետչերներն իրենց ուղղաթիռների Հայաստանի օդային տարածքում հայտնվելու փաստերը բացատրել են եղանակային վատ պայմաններով և տեսանելիության ցածր մակարդակով: