ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ալեք Ենիգոմշյանը հուլիսի 25-ի առավոտյան Խորենացի փողոցում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մոտ 10 ժամ է՝ իրենք չեն կարողանում կապ հաստատել ՊՊԾ շենքը գրաված զինված խմբավորման անդամների հետ:
Նրա խոսքով, ՊՊԾ գնդի տարածքում անջատված է էլեկտրականությունը, չի տրամադրվում սնունդ, բժշկական օգնություն, իսկ գիշերվանից անջատված է նաև հեռախոսային կապը: Ենիգոմշյանը համոզված է, որ իշխանությունը գնում է իրավիճակի սրացման:
Նա նաև հայտարարել է, որ տարածքին մոտենալու և պատը քանդելու փորձ է արվել, իսկ առավոտյան ՊՊԾ գնդի տարածքի վրա պտտվում էր ուղղաթիռ, դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին: ՙԱմեն րոպե հնարավոր են լուրջ զարգացումներ: Հուսով ենք, որ կառավարող ռեժիմն արյունահեղության չի գնա, ինչը ճակատագրական կլինի Հայաստանի համար՚,- հայտարարել է նա:
Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ Համակարգող Խորհրդի նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ. ՙԱրդեն ութերորդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալներ` Սասնա ծռեր խմբի անդամները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված՝ ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների:
Սասնա ծռերի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից:
Դրսևորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպես բարի կամքի դրսևորում, իշխանությունների հետ տարվող բանակցությունների շրջանակում Սասնա ծռերն ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին:
Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերին: Արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության:
Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց ավելի քան 800 հա տարածք, տալով 100-ից ավել զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հայտարարում էր, որ չի ցանկանում հետ բերել տարածքները, խուսափելու համար զոհեր տալուց:
Ստացվում է, որ Հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, իսկ հանուն այդ նույն Հայրենիքին արյուն տված, ու երկրի ու ժողովրդի ապագային նվիրված, համաժողովրդական սեր և վստահություն վայելող Սասնա ծռերի կյանքը որևէ արժեք չի ներկայացնում:
Այդ ապստամբությունը ճնշելու համար, Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել ինչպես Սասնա ծռերի նվիրյալների, այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների ու խաղաղ բնակիչների կյանքեր:Կողմ լինելով բոլոր հարցերի՝ այդ թվում նաև այս հարցի բացառապես քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին,
դեմ լինելով ամեն կարգի բախումներին խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև
համոզված լինելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իր մեջ ուժ կգտնի ու կցուցաբերի զսպվածություն ու ձեռնպահ կմնա ուժային գործողությունների դիմելուց, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով,
Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է
-Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե Սասնա ծռերի տղաներինը:
Բազմահազար ցուցարարների անունից.
-առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:
Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը:
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:
Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը՚: