Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով:
Ինչպես նշվում է Հիմնանդիր խորհրդարանի քարտուղարության
հայտարարությունում, սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված իրազեկումը մեժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իրազեկել է նույն տեղում հավաք անցկացնելու մասին: Այնուհետև՝ երբ «Ժառանգությունը» Հիմնադիր
խորհրդարանի խնդրանքով պաշտոնապես հրաժարվել է իր հավաքն անցկացնելուց, քաղաքապետարանը մերժել է ՀԽ իրազեկումը վերանայելու դիմումը, պատճառաբանելով, որ նույն տեղում և նույն ժամին կազմակերպվում է մանկապատանեկան միջոցառում, ինչի համար քաղաքապետարանը համապատասխան խնդրանքով նախապես դիմել էր «Ժառանգություն» կուսակցությանը: Մինչդեռ «Ժառանգության» հավաքի իրազեկումը ներկայացրած Արմեն Մարտիրոսյանը պաշտոնապես հավաստիացրել է, որ այդպիսի դիմում չի ստացել:
«Կատարվածը փաստում է, որ Գյումրիի քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չեն և իրականում ռեժիմի ցուցումով միտված են Շարժման քայլերը խափանելուն: Մասնավորապես՝ մեր միջոցառումը քաղաքական բնույթ ունի, ուստի պետք է առաջնահերթություն ունենա որևէ այլ, այդ թվում՝ մշակութային միջոցառման նկատմամբ: Վերը նշվածի հաշվառմամբ, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թատերական հրապարակում նախատեսված միջոցառման մասնակիցները երեխաներ են, գյումրեցիների և Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը կազմակերպվում է այլ վայրում՝ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակում՝ ժամը 16:00-ին», - ասվում է հայտարարությունում: