Գերմանիայի կառավարությունը քննարկում է ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու Հայաստանի հրավերը:
Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Գերմանիայի կառավարությունը, ի պատասխան Ձախ կուսակցության հարցման, նշել է. ՙՆերմայումս Ֆեդերատիվ Հանարպետության կառավարությունը քննարկում է Օսմանյան կայսրությունում 1915-1916 թթ. տեղի ունեցած ջարդերի 100-ամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունը՚:
1915 թվականի իրադարձությունները ՙջարդեր ու տեղահանություն՚ որակելով`Գերմանիայի կառավարությունը միաժամանակ նշում է, որ ուրախությամբ է արձագանքում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վրա լույս սփռելու համար արված բոլոր նախաձեռնություններին: Ըստ որում, Գերմանիայի կառավարությունը նշում է, որ պատմական ճշմարտության բացահայտումը նախևառաջ Թուրքիայի ու Հայաստանի հարցն է: Գերմանական կառավարությունը հարգանքով է մոտենում թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելու համար արված համարձակ քայլերին:
Միաժամանակ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, պատասխանելով այն հարցին, թե երկու միջոցառումներից որին կմասնակցի Գերմանիան 2015 թ. ապրիլի 24-ին` Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին, թե՞ Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում: Ըստ որում, նա խուսափել է ուղղակի պատասխան տալ հարցին, թե երկու միջոցառումներց որին է մասնակցելու Գերմանիայի ղեկավարությունը: Սակայն, նշել է դեսպանը, անհրաժեշտ է հաշվի առնել հրավերի բուն նպատակը` այն արվել է լավ, թե՞ վատ մտադրություններով: