ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չի բացառել շաքարավազի ներմուծման վրա սահմանափակումներ դնելու հնարավորությունը`Ախուրյանի շաքարի գործարանի լրիվ հզորությամբ շահագործմանն օժանդակելու համար: Այս մասին մայիսի 30-ին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Մինասյանը նշել է, որ գիտակցում է, որ իր այս հայտարարությունը կարող է դառնալ քննադատությունների պատճառ, սակայն, արտադրությանը, մասնավորևապես` շաքարավազի արտադրությանը, պետական աջակցություն տրամադրելը ներկայումս անհրաժեշտություն է: «Ներկայումս շաքարավազ արտադրող գործարանն աշխատում է իր հզորության 25-30%-ով, բայց դեպի շուկան մյուս սուբյեկտների սահմանափակումը թույլ կտա այն շահագործել, օրենակ, 90% հզորությամբ»,-նշել է նա: Նախարարը հավելել է նաև, որ քննարկվում է օրինական մենաշնորհներ սահմանելու հնարավորությունն այդ ոլորտում, բայց`որոշակի պայմաներով, որպեսզի գործարանի սեփականատերն ապահովի որոշակի քանակությամբ աշխատատեղեր, ինչպես նաև որոշակի մուտքեր բյուջեին: Մինասյանը նաև կոչ է արել նախապես չքննադատել մենաշնորհներին, բերելով Շվեյցարիայի օրինակը, որտեղ աղի ներմուծումը մենաշնորհայնացված է:
Մինասյանը նաև ընդունել է, որ չի տեղավորվում վարչապետի նշած 3-շաբաթյա ժամկետի շրջանակներում, հանրապետությունում մենաշնորհների բացահայտման առումով: Նա հայտարարել է, որ մտադիր է դիմել կառավարությանը և խնդրել լրացուցիչ ժամանակ: Նրա խոսքով, այդ գործընթացն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինքը պատասխանատվություն է կրում իր յուրաքանչյուր խոսքի համար: Նախարարը հավելել է նաև, որ իր վրա ճնշումներ չկան, ինքն ազատ է իր գործողություններում: Հարցին, թե գործարարներից ով իր վրա ավելի շուտ կզգա վարչապետի նախաձեռնած կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը, Մինասյանը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր իրականացնում են ստվերային գործունեություն, հանդիսանում են մոնոպոլիստ:
Դեպի Հայաստան շաքարավազի ներուծում իրականացնում է ՀՀԿ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» կոնցեռնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, հանդիսանալով Հայաստանի շաքարավազի շուկայի մոնոպոլիստը: Հենց նրան էլ պատկանում է Ախուրյանի շաքարի գործարանը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: