ՀՀ Ազգային ժողովի
նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սուր
քննադատության է ենթարկել ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը նախորդ
տարվա դեկտեմբերի 30-ին ընդունեց մի որոշում, որի համաձայն 2017 թվականի հունվարի
1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պետք է կազմի 30 մլրդ. դրամ,
ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Հ.Բագրատյանը նշել է, որ Կենտրոնական բանկի
գործողություններն իրականում խոչընդոտում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
«Ռուսաստանում բանկ բացելու համար ահրաժեշտ է ունենալ 4
մլն.դոլար, իսկ Հայաստանում` 60 մլն.դոլար: Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում
զարգացնել բիզնեսը: ԿԲ միտումնավոր կերպով խոչընդոտում է փոքր բանկերի բացմանը:
Կան նորմատիվներ, կան նաև համարժեքության հասկացություն: Վարկավորման ծավալներն
ավելանում են – ավելանում է նաև կապիտալը: Ինչո՞ւ բանկերին դուրս մղել շուկայից,
առանց աշխատանքի թողնելով հարյուրավոր աշխատակիցների»,-նշել է նախկին վարչապետը:
Նրա խոսքով, ԿԲ որոշումն արդեն անդրադարձավ տնտեսության
հունվարյան աճի վրա, իսկ այդ աճերը դրական ոչ մի բան չեն խոստանում:
Հիշեցնենք, որ հունվարը ոչ միայն 2015 թվականին է աչքի
ընկել տնտեսական անկումով: Նախորդ տարիներին նույնպես այդ ամսում տնտեսական աճի
դինամիկան եղել է բացասական:
Հիշեցնենք,
որ 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերի
ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5
մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, 2014 թվականի
դեկտեմբերի 30-ին, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորման և
բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին» Կանոնակարգ
2-ում: Փորձագետները նշում են, որ 2017 թվականից բանկերի ընդանուր կապիտալի
նվազագոյն նորմատիվի բարձրացումն էլ ավելի կարագացնի միաձուլման և կուլ գնալու
(Mergers and Acquisitions, M&A) գործընթացները, խոշորացնելով շուկայի
մասնակիցներին: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, դա կապահովի կապիտալի մասշտաբի դրական արդյունք,
նպաստելով բանկային ավելի որակյալ ու մատչելի սպասարկմանը, ինչպես նաև առողջ
մրցակցային միջավայրի ձևավորմանը: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության
արդյունավետությունը և կամրապնդվի կայունությունը: Արդյունքում, կձևավորվի նոր
տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման բարենպաստ միջավայր, ինչը կբարձրացնի
կապիտալի միջազգային շուկային հայկական բանկերի ներգրավվածությունը: Կբարձրանա նաև
բանկային համակարգի ճկունությունը և զանազան ցնցումներին դիմակայելու
ունակությունը, խորացնելով նաև ֆինանսական միջնորդությունը: