Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է Քաջարանի բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով հրատապ միջոցեռումներ իրականացնելու հարցը։
Ինչպես
հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը, նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ է տվել հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։
Նախարարը մեծ կարևորություն է տվել ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությանը գործող իրավական ակտերին և նորմատիվներին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների գործունեությունը։
«Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացի և բժշկական ծառայությունների որակի պատշաճ վերահսկողության ապահովումը 2015 թվականի պետական պատվերի տեղադրման կարևոր պայման պետք է լինի։ Դրանց ապահովման համար պետք է գործեն հստակ մեխանիզմներ»,- ասել է Արմեն Մուրադյանը, հավելելով, որ այս քայլով հնարավոր կլինի էակապես բարելավել հիվանդանոցային ծառայությունը։
Նախարարը հանձնարարել է երկու ամսվա ընթացքում նույն ուսումնասիրությունները շարունակել նաև ստոմատոլոգիական և պոլիկլինիկական ծառայություններում, լաբորատորիաներում` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը և հիմնադիրներին։
«Կարևոր է, որ այս ուսումնասիրությունների արդյունքում վեր հանվեն առկա բոլոր խնդիրները և ներկայացվեն լուծման կոնկրետ առաջարկներ։ Դրանք պետք է հիմք ծառայեն «Հանրային առողջապահության մասին» օրենքի նախագծում նոր, առավել արդյունավետ ընթացակարգեր մշակելու համար»,- ասել է Արմեն Մուրադյանը։
Քննարկվել են նաև բուժհաստատություններում ներհիվանդանոցային վարակների կանխագելման պատասխանատուների առջև խիստ պահանջներ դնելուն, նրանց իրազեկելուն և կրթելուն վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։
Քննարկման արդյունքում Արմեն Մուրադյանը Արտավազդ Վանյանին հանձնարարել է այցելել Քաջարան և տեղում աշխատող հանձնաժողովի հետ հրատապ ստուգում իրականացնել, ինչպես նաև ախտահանում կազմակերպել։ Համոզվելով, որ իրականացված միջոցառումների արդյունքում բժշկական կենտրոնը զերծ է ներհիվանդանոցային վարակներից, իսկ բուժանձնակազմն անցել է համապատասխան բուժզննում` գրավոր թույլտվությամբ և անձնական պատասխանատվությամբ կազմակերպել վիրահատարանների վերագործարկումը` սահմանելով մշտական հսկողություն համաճարակաբանի մասնակցությամբ։ Ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնել քննչական կոմիտեին։