ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը տարածել է հայտարարություն, որում ողջունում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումը:
Նրա ասելով, Եվրախորհրդարանի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի: Եվրոպացի խորհրդարանականը նշում է, որ թեև այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում, այդուհանդերձ, եվրոպացի խորհրդարանականը հաստատել է իր պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն, մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, ինչպես սահմանված է ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ 1948 թվականի կոնվենցիայում:
«Այդ բանաձևը մարտին Երևանում «Եվրաաաանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ընդունված համանման փաստաթղթի շարունակությունն է: Հուսով ենք, որ անցյալի ծանր ժառանգության հաղթահարումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի», - հայտարարել է Քարիմը:
Նա նաև քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, հայտարարիելով, որ վերջինը չի կարող անվերջ անտեսել համաշխարհային հանրության և իր իսկ բազմաթիվ քաղաքացիների կոչերը:
«Մենք դիմում ենք ինչպես թուրքերին, այնպես էլ հայերին: Մենք ցանկանում ենք օգնել ձեզ առաջ ընթանալ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն դրա համար մենք պետք է սահմանենք սեփական սկզբունքները», - նշվում է Քարիմի հայտարարությունում: