ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հասցեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքների մասին, որոնք հնչել էին մի քանի ամիս առաջ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ:
Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ նախագահը Ծառուկյանին մեղադրել է ֆինանսական չարաշահումների և հարկերից խուսափելու մեջ՝ հանձնարարելով լիազոր կառույցներին զբաղվել այդ հարցերով: ՙԾառուկյանի ձեռնարկություններում ֆինանսական ստուգումներ իրականացնելու համար համապատասխան օրենսդրությամբ նախատեսված բոլոր խելամիտ և ոչ խելամիտ ժամկետներն արդեն լրացել են, մինչդեռ որևէ հայտարարություն լիազոր կառույցների կողմից այս առնչությամբ չի հետևել՚,- հայտարարել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է նաև Ծառուկյանի հասցեին նախագահի այլ մեղադրանքների մասին: ՙՍերժ Սարգսյանը, մասնավորապես, ուշադրությունը հրավիրել է Ծառուկյանի կողմից տարբեր հանցավոր մեխանիզմներ ստեղծելու մասին շրջանառվող լուրերի վրա՝ հանձնարարելով իրավապահ կառույցներին ուսումնասիրել այդ տեղեկատվությունը: Բայց իրավապահների կողմից այս առնչությամբ ևս որևէ արձագանք չի եղել՚,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա հարցերին պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով, մասնավորապես, հավաստիացրել է, որ Ֆինանսների նախարարությունը դեռ ստուգումներ է անցկացնում Ծառուկյանի ձեռնարկություններում, քանի որ դա մասշտաբային աշխատանք է, և հենց որ դրանք ավարտվեն, ողջ տեղեկատվությունը կհրապարակվի:
ՙԻնչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին՝ հասցեագրված իրավապահ մարմիններին, ապա, կարծում եմ, դրան պետք է համապատասխան կառույցները պատասխանեն: Բայց կարող եմ հավաստիացնել, որ եթե Ծառուկյանի մեղքի ապացույցներ գտնվեին, համապատասխան քրեական գործ կհարուցվեր՚,- ասել է Հարությունյանը: