ՀՀ ԱԳՆ ղեկավարի վերջերս Իսրայել կատարած այցը պաշտոնապես բնորոշվել էր որպես աշխատանքային: Սակայն, փորձագիտական մակարդակով խոսում են, որ Նալբանդյանը Երուսաղեմ է մեկնել`Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին աջակցություն ապահովելու նպատակով: Ինչպիսի՞ն է ապրիլի 24-ին Երևանում իսրայելական պատվիրակության հնարավոր ներկայության մակարդակը և, գլխավորը, շարժառիթը:
Կարծում եմ`այսօր Իսրայելն, ավելի քան երբևէ, մոտ է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը: Բանը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման մեջ է, որը հրեական պետության դաշնակցից վերածվել է վերջինիս ամենախիստ քննադատներից և հակառակորդներից մեկը: Բանը նույնիսկ իսրայելական ԱԳՆ քաղաքական ղեկավարության սպասվող փոփոխության մեջ չէ, որն ակտիվորեն հակառակվում է նման ճանաչմանը և վախենում, որ այդ ճանաչումը կվնասի Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին: Իսրայելցիներն ուղղակի հասունացել են նման քայլի անհրաժեշտության ըմբռնման համար, և հասարակությունում այդ հարցի առնչությամբ առկա է ամենալայն փոխհամաձայնություն, իսկ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին նաև Քնեսեթեի խոսնակ եղած ժամանակ: Ցեղասպանության փաստի շուտափույթ ճանաչման կողմնակիցներ են նաև ՙԼիկուդ՚ աջ կուսակցության հայտնի գործիչներ` Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, կոալիցիայի նախագահ Զեև Էլքինը և Զախավա Գալյոնը`ՙՄերեց՚ ձախ կուսակցության առաջնորդը: Բացի այդ, իսրայելական ինտերնետ հանրությունում և պարզապես փողոցում ակնհայտորեն թափ է առնում Ցեղասպանության ճանաչման օգտին քաղաքացիական շարժումը, իսկ հասարակական կարծիքը շատ բան է նշանակում Իսրայելում: Այս առումով ՀՀ ԱԳՆ ղեկավարի վերջերս Իսրայել կատարած այցը հազիվ թե էապես փոխել է առանց այդ էլ դրական միտումները հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հարցում, բայց միաժամանակ նոր խթան է հաղորդել այդ միտումներին`հատկապես հաշվի առնելով նրա հանդիպումը նախագահ Ռիվլինի հետ:
Որևէ կասկած չկա, որ իսրայելական պատվիրակությունը կմասնակցի ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, բայց դրա վերջնական կազմը դեռ որոշված չէ:
Հստակ է մեկ բան. պետության առաջին դեմքերը մասնակիցների թվում, ցավոք, չեն լինի, և դա ամենևին կապված չէ այն բանի հետ, որ Իսրայելում պատշաճ կարևորություն չեն տալիս այդ իրադարձությանը, այլ պայմանավորված է բացառապես տեխնիկական պատճառներով: Այնպես է ստացվել, որ Իսրայելի անկախության օրվա տոնակատարություններն այս տարի տեղի են ունենալու չորեքշաբթի և հինգշաբթի օրերին`ապրիլի 22-23-ը: Նախագահի մասնակցությունն այդ տոնական արարողություններին պարտադիր է, այդ պատճառով նա չի կարող լքել երկիրը: Այնուհետև գալիս է ուրբաթ օրը, իսկ ուրբաթ երեկոն շաբաթ օրվա`հանգստի համար սրբազան օրվա սկիզբն է, երբ, ըստ հրեական ավանդության, արգելված է ցանկացած պաշտոնական օտարերկրյա այցելություն: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մարտի 17-ին Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Դա նշանակում է, որ ապրիլի երրորդ տասնօրյակը կոալիցիոն բանակցությունների ավարտական թեժ շրջանն է, և դա ևս թույլ չի տա Քնեսեթի գործող խոսնակ Յուլի Էդելշտեյնին լքել երկիրը: Այնուամենայնիվ, իսրայելական պատվիրակության կազմի մեջ ընդգրկված կլինեն իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ, գիտնականներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ:
Գնահատեք Բենյամին Նեթանյահուի Վաշինգտոն այցը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է իրական այսօր իրանական սպառնալիքն Իսրայելի համար:
Սկսեմ այն բանից, որ իրանական սպառնալիքի հարցում Իսրայելի աջ և ձախ ճամբարների, կոալիցիայի և ընդդիմության միջև տարաձայնություններ չկան: Քաղաքական գործիչները, ուժայինները և փորձագետները համակարծիք են, որ Իսրայելը չի կարող թույլ տալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, քանի որ այդ դեպքում խաղաքարտի վրա կդրվի երկրի գոյությունը: Սարսափելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԻԻՀ`միջուկային տերության վերածվելը: Նեթանյահուի ընդդիմախոսների և վերջիններիս աջակցող ԶԼՄ-ների քննադատության էությունը կայանում էր այն բանում, որ Իսրայելի վարչապետի` Բարաք Օբամայի հետ չհամաձայնեցված ելույթն էլ ավելի կփչացնի Երուսաղեմի և Վաշինգտոնի հարաբերությունները, և դրա միակ նպատակն ընտրողների շրջանում նրա հեղինակության բարձրացումն էր: Անձամբ ես փոքր-ինչ այլ տեսակետ ունեմ այդ առնչությամբ: Նեթանյահուի այցը կարող էր Իսրայելում նախընտրական արշավի հետ միայն անուղղակիորեն կապված լինել, քանի որ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ այն ոչ մի կերպ չի ազդել ընտրություններից առաջ ուժերի դասավորության վրա: Միաժամանակ այցն, անշուշտ, մեծ նշանակություն է ունեցել` պետական շահերի տեսակետից: Այն չէր կարող մեծ վնաս հասցնել Նեթանյահուի և Օբամայի անձնական հարաբերություններին`թեկուզ այն պատճառով, որ փչացնել դրանք ավելի, քան արդեն կան, հնարավոր չէր: Միաժամանակ Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում լայն արձագանք է գտել, և ակնհայտորեն մտորելու տեղիք է տվել Սպիտակ տան վարչակազմին:
Օբամայի շրջապատում հասկացել են, որ Իրանի հետ պայմանագիր ստորագրել իրենք, իհարկե, կարող են, բայց փաստ չէ, որ իրենց կհաջողվի Կոնգրեսից ստանալ այդ պայմանագրի`պահանջվող ֆինանսական ապահովում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում: Իսկ Օբամայի և պետքարտուղար Քերիի հռետորաբանությունը Նեթանյահուի ելույթից հետո զգալիորեն փոխվել է. այժմ նրանք չեն բացառում, որ որևէ պայմանավորվածություն Իրանի հետ ընդհանրապես չի լինի:
Այսպիսով, կարելի է ասել, որ այցի ընթացքում Նեթանյահուն հասել է նախատեսված նպատակներին: Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կառուցվում են ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերի հիման վրա, իսկ նման շահերը միշտ ավելի բարձր են անձնական շահերից: Այդ պատճառով ռազմական և դիվանագիտական գործընկերությունը մեր երկրների միջև շարունակվելու է, քանի դեռ շահերի նման ընդհանրություն կա`անկախ այն բանից, թե տվյալ պահին ով է երկրի ղեկավարը:
Իրանի հետ Եվրոպայի և ԱՄՆ-ի նոր հարաբերություններն աստիճանաբար ընդլայնում են Մեծ Մերձավոր Արևելքում այդ տարածաշրջանային տերությանը հատկացված աշխարհաքաղաքական գործառույթները: Կարելի՞ է արդյոք կանխատեսել Իրանի դերի ընդկայնում Հարավային Կովկասում`հաշվի առնելով, որ նման հայտեր բազմիցս հնչեցվել են իրանցիների կողմից, առնվազն` փորձագիտական մակարդակով:
Իրանը, անկասկած, ակտիվորեն հավակնում է տարածաշրջանային գերտեության դերի:
Սակայն, խոսել Իրանի հետ Եվրոպայի և ԱՄՆ նոր հարաբերությունների մասին, կարծում եմ, վաղաժամ է: Եկեք սպասենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այդ ուղղությամբ. չափազանց շատ փորձագետներ են համոզված, որ Ժնևի բանակցությունները կարող են կրկին փակուղի մտնել: Իրանը միշտ ունեցել և ունի շահեր Հարավային Կովկասում և ձգտելու է այդ տարածաշրջանում իր դերի ընդլայնմանը: Սակայն, Իրանն այժմ բավականաչափ խնդիրներ ունի Իրաքում, Լիբանանում, Սիրիայում, իսկ միջազգային պատժամիջոցները վիթխարի վնաս են հասցրել վերջինիս տնտեսությանը:
Այս առումով համոզված եմ, որ Թեհրանին այժմ ակնհայտորեն պետք չէ նոր առճակատում, քանի որ Հարավային Կովկասում վերջինիս դերի ընդլայնման ցանկացած փորձ հղի է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ բախումով, ովքեր իրենց շահերի գոտի են համարում այդ տարածաշրջանը: Այդ պատճառով Հարավային Կովկասում Իրանի ակտիվության առանձնակի աշխուժացում չեմ կանխատեսում: Շարունակվելու է Իրանի ՙէներգետիկ էքսպանսիան՚ այդ տարածաշրջանում: Չփորձելով դուրս մղել Ռուսաստանին էներգետիկ շուկայից`Իրանը ձգտելու է թույլ չտալ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ ներթափանցումը Հարավային Կովկաս: Թեև Իրանը, ինչպես հայտնի է, նույնպես ղեկավարության փոփոխության շեմին է գտնվում, իսկ դա կարող է նաև անսպասելի շրջադարձերի հանգեցնել քաղաքականությունում:
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդմանը, ըստ որում`ոչ միայն
բազմամիլիարդ զենքային գործարքների, այլ նաև էներգետիկ նախագծերի մասով, Արևմուտքի
արձագանքը դրսևորվեց ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակի տեսքով, ովքեր այսուհետ զրկված
են արևմտյան երկրներ մուտքի հնարավորությունից: ԱՄՆ-ը իր հերթին Հայաստանի հետ ոչ
միայն տնտեսությունում, այլ նաև պաշտպանական ոլորտում հարաբերություններ
զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Եվ դա չնայած Գյումրիում 102-րդ
ռազմակայանի առկայությանը: Կարելի՞ է արդյոք այս պայմաններում խոսել Հարավային
Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքականությունում նոր միտումների
մասին:
ԱՄՆ և Արևմուտքը երբեք չեն թաքցրել, որ սեփական շահերն ունեն Հարավային
Կովկասի երեք հանրապետություններում, և չեն պատրաստվում զոհաբերել այդ շահերը: ԱՄՆ
քաղաքականության ՙտանուլ տված ճակատամարտը դեռ տանուլ տված պատերազմ չէ՚ հիմնական
սկզբունքի ֆոնին քաղաքագետի համար միանգամայն սպասելի էր Վաշինգտոնի կողմից Երևանի
հետ ռազմական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության
արտահայտումը` չնայած վերջինիս Ռուսաստանի ՙձգողության գոտում՚ գտնվելու
հանգամանքին: Ամերիկացիների համար կարևոր է ՙոտք դնել՚, պահպանել և փորձել
մեծացնել իրենց ներկայությունն աներուրեք, ուր նրանք կարող են հասնել, փորձել
ազդել, դրա համար օգտագործելով, ցանկալի է, օրինական, իսկ եթե չի հաջողվում, ապա
նաև անօինական լծակներ: Այս իրավիճակում Երևանին, Բաքվին և Թբիլիսիին այլ բան չի
մնում, քան խուսավարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև` փորձելով պաշտպանել սեփական
ազգային շահերը և խուսափելով խամաճիկի վերածվելուց:
Համեմատաբար ոչ վաղ անցյալում մենք, դժբախտաբար, արդեն ականատես ենք եղել
Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերին, այդ
թվում` հաջող: Դրանք եղել են նաև Հայաստանում: Կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ,
որ դրանք այսուհետև ևս կկրկնվեն, ընդ որում, հնարավոր է` ամենամոտ ապագայում:
Տարածաշրջանում ստեղծվող իրավիճակի լույսի ներքո Հայաստանի բոլոր քաղաքական
գործիչներից` կոալիցիոն թե ընդդիմադիր, պահանջվում է բավականաչափ քաղաքական
իմաստություն, ազգի և պետության շահերն անձնականից վեր դասելու ունակություն:
Ես դրան կավելացնեի նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը,
նախապես կշռադատելով բոլոր հետևանքները, այլ ոչ թե` լսել խորհուրդներ և ընդունել
արտասահմանյան «բարեկամներիե առաջարկությունները: Հայաստանի քաղաքական գործիչներն,
ի դեպ, ոչ վաղ անցյալում արդեն ցուցադրել են նման որակներ, և կցանկանայինք
հավատալ, որ այդպես կլինի նաև այսուհետև:
Ուկրաինայի շուրջ ճգնաժամն ուժեղացրել, թե՞ թուլացրել է Հարավային Կովկասում
այս կամ այն գերտերության դիրքերը:
Ուկրաինան, անշուշտ, սրբագրումներ է մտցրել Հարավային Կովկասում
գերտերությունների դիրքորոշման մեջ: Կարծում եմ`ուկրաինական ճգնաժամից հետո
Ռուսաստանն ավելի, քան երբևէ շահագրգռված է Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ
մերձեցմամբ և փորձելու է ուժեղացնել իր դերն այդ տարածաշրջանում: Բայց
ամերիկացիներն էլ`եվրոպացիների հետ միասին, իրենց դիրքերը հենց այնպես չեն ցանկանա
զիջել: Այստեղ էլ կարող են բավական հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենալ`ներառյալ
իրադարձություններն ՙուկրաինական սցենարով՚ ծավալելու փորձերը: Ուկրաինայի շուրջ
ճգնաժամն ամենից առաջ պետք է ապագայի համար լավ դաս լինի շատ երկրների ու
ժողովուրդների համար: Անշուշտ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ն ունեն իրենց շահերը,
անհասկանալի է միայն մեկ բան`ո՞րն է Ուկրաինայի և ուկրաինցիների շահը:
ՙՈւկրաինական հարցի՚ առնչությամբ Հարավային Կովկասի հանրապետությունների և
Իսրայելի որոշակի դիրքորոշման բացակայությունը գնահատում եմ`որպես ՙամենագրագետ,
ճիշտ որոշում՚: Հետխորհրդային տարածության այլ կետերում ՙուկրաինական սցենարից՚
խուսափելու համար բոլոր`երբեմն միմյանց հակադիր քաղաքական ճամբարներից
առանձնահատուկ պետական իմաստություն և պատասխանատվություն է պահանջվում:
Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանին փաստացի մաքսակետի տեղադրումը հերթական
անգամ ի հայտ բերեց ԵՏՄ թերությունները: Կարելի՞ է արդյոք այսօր ասել, որ
եվրասիական ինտեգրումն առաջվա պես ակտուալ է, և երկբևեռ աշխարհի Ռուսաստանի ձգտման
հիմքերից մեկն է հանդիսանում:
Սկսեմ այն բանից, որ չեմ հավատում ո’չ երկբևեռ, ո’չ միաբևեռ աշխարհին
վերադարձին: Աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո մարդկությունը կհանգի
բազմաբևեռ աշխարհի, որտեղ ամեն բան կորոշվի տարածաշրջանային գերտերությունների
փոխհարաբերություններով, որոնցից յուրաքանչյուրն ազդեցության իր գոտին կունենա: Եվ
ԵՏՄ-ն նման բազմաբևեռ, այլ ոչ թե երկբևեռ աշխարհի ձևավորման ևս մեկ դրսևորում է:
Մենք ոչ մի կերպ չենք կարող համաշխարհային քաղաքականությունում անտեսել
այնպիսի գերտերության, ինչպես Չինաստանն է: Կան նաև արաբական աշխարհը, Հնդկաստանը,
Իրանը: Այդ բարդագույն քաղաքական խաղում վճռորոշ կլինեն տարածաշրջանային
գերտերությունների մեկ խմբի ընդհանուր շահերը, որոնք անխուսափելիորեն կբախվեն այլ
խմբի շահերի հետ: Այժմ թույլ տվեք պատասխանել Ձեր հարցի հաջորդ մասին: Կարծում
եմ`ԵՏՄ ստեղծումը, անշուշտ, դրական քայլ է, քանի որ ինտեգրման, մերձեցման,
համագործակցության ուղղված ամեն բան դրական է: Իսկ վերջին ժամանակներս այդ
միության անդամների միջև տարաձայնությունները միանգամայն նորմալ երևույթ է: Նույն
ԵՄ ստեղծման համար տասնամյակներ են պահանջվել, մենք բազմիցս վերջինիս տարբեր
անդամների միջև կոնֆլիկտների ականատես ենք եղել: ԵՏՄ-ն դեռ երիտասարդ, ըստ
էության, ձևավորման գործընթացում գտնվող կազմակերպություն է: Այդ պատճառով պետք չէ
ուշադրություն դարձնել Ռուսաստանի և
Բելառուսի միջև մաքսային տարաձայնություններին: Մենք դեռ նման շատ կոնֆլիկտների
ականատես կդառնանք, բայց դա չի նշանակում, որ եվրասիական ինտեգրման գաղափարն ի
սկզբանե մեռելածին էր: Ընդհակառակը, դա նշանակում է, որ այն ապրում և զարգանում է:
Գլխավորը, ըստ նրա, այն է, որ այդ գաղափարում տնտեսական շահերը գերակշռող լինեն
ռազմաքաղաքական շահերի նկատմամբ, որպեսզի ԵՏՄ-ին անդամակցությունը համապատասխանի
վերջինիս մեջ մտնող բոլոր երկրների ու ժողովուրդների շահերին: