ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս տարի հանդիպելու պատրաստակամությունը: Այդ մասին ասվում տարածաշրջան այցի արդյունքներով Մինսկի միջնորդների հայտարարության մեջ:
Համանախագահները նշել են, որ Երևան և Բաքու այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն առաջ մղելու վերաբերյալ ընթացիկ առաջարկները: ՙՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս տարի հանդիպելու պատրաստակամություն են հայտնել և հանձնարարել իրենց արտգործնախարարներին շարունակել բարձր մակարդակով հանդիպման նախապատրաստման շուրջ աշխատանքը համանախագահների հետ: Մենք ողջունել ենք նաև վերջին ամիսների ընթացքում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով համեմատական կայունությունը, ինչը համընկել է երկու երկրներում միջազգային խոշոր իրադարձությունների հետ: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք վերջերս լարվածության աճով, և կոչ ենք արել նախագահներին, իրավիճակի սրացումից խուսափելու նպատակով, գործադրել բոլոր միջոցները հրադադարի ռեժիմը պահպանելու համար՚,- ասվում է հայտարարության մեջ:
Մինսկի միջնորդները նշել են նաև, որ երկու երկրների նախագահները հաստատել են ԿԽՄԿ-ի հովանո ներքո անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման իրենց պարտավորությունները: