Պաշտոնական Անկարան խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան այցը`Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Թուրքիային դուր չի եկել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի Փարիզում արած հայտարարությունը:
ՙՑավոք, Օլանդը, ինչպես և խոստացել էր, մասնակցեց ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին: Այդ միջոցառումներին մասնակցությունը թուրքական ինքնության, պատմության և հասարակության զրպարտման առիթ հանդիսացավ: Ցավոք, Ֆրանսիայի առաջնորդը հերթական անգամ սատարեց հայկական կողմի ազգայնական պատմություններին՚,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ քննադատության է ենթարկվում նաև Ֆրանսիայի վարչապետը, ով մասնակցել է Փարիզում անցկացվող հիշատակի միջոցառումներին: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության գնահատմամբ, Վալսի ելույթն ավելի շուտ թշնամության, քան խաղաղության և բարեկամության ուղերձ էր:
Անկարան նշում է, որ կարելի էր սպասել, որ Ֆրանսիայի նախագահն իր ելույթում ազգային և կրոնական պատկանելության տարբերություններ չէր դնի, այնումանայնիվմ Օլանդը նախընտրել է շարունակել իր խտրական քաղաքականությունը: ՙԹուրքիան միաշնական մերժում և դատապարտում է 1915 թ. իրադարձությունների առնչությամբ Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը՚,- ասվում է Անկարայի հայտարարության մեջ:
Նշենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է հիշի Ցեղասպանությունը` դրա կրկնումը կանխելու համար: ՙԱյս միջոցառումներին մեր մասնակցությամբ մենք ավանդ ենք ներդնում հաշտության գործընթացում, տարածաշրջանում, աշխարհում, Մերձավոր արևելքում խաղաղության տարածման գնործընթացում՚, - նշել է Ֆրանսիայի նախագահը: Նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտության ևս մեկ ակտ է: