Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որի ներքո ստորագրել են բոլոր մասնակիցները:
Սակայն, ինչպես հաղորդել է Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը, փաստաթղթի տեքստում ներառված «Ղրիմի անեքսիա» արտահայտության ներքո ստորագրել են միայն Եվրամիության անդամ երկրները։
Այդ առնչությամբ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, թե բանաձևի վերաբերյալ ԱԳ երկրների դիրքորոշումները ցույց են տալիս, որ ԵՄ պետք է տարբերակված դիրքորոշում դրսևորի նրանց նկատմամբ: Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման իր հերթին ճշգրտել է, թե հռչակագրում ընդգծվում է, որ ԵՄ առաջվա նման պաշտպանում է «Արևելյան գործընկերության» բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Միևնույն ժամանակ, ավելի վաղ հռչակագրի նախագիծը քննարկելիս Հայաստանի և Բելառուսի պահանջով փաստաթղթում ներառվել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցի շուրջ քվեարկության ժամանակ ԱԳ անդամ երկրների դիրքորոշումները (այն ժամանակ Հայաստանը դեմ էր արտահայտվել Ղրիմի անկախության շուրջ հանրաքվեն ապօրինի ճանաչելուն – խմբ.):
Փաստաթղթի քննարկման ժամանակ հակասություններ են ծագել նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթների առնչությամբ: Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի այդ մասը: ԱրմԻնֆոյի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Ալիևը հենց այդ դրույթների պատճառով է հրաժարվել Ռիգայի գագաթնաժողովին մասակցությունից: