Կովկասի ինստիտուտը` Կովկասի ակադեմիական շվեյցարական ցանցի հետ նոյեմբերի 26-ին Երևանում ներկայացրել է «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում՚ գիրքը (The unrecognized politics of de facto states in the posts-soviet space):
ՙԳիրքը չճանաչված պետությունների ֆենոմենի մասին է: «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում՚ գիրքը նվիրված է չորս չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններին՝ Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա և Լեռնային Ղարաբաղ՚,- ԱրմԻնֆո-ի թցթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Գիրքը գրվել է 2014թ.-ի սեպտեմբերի 4-5-ը Սևանում կայացած համանուն` «Դե ֆակտո պետությունների չճանաչված քաղաքականությունը հետխորհրդային տարածքում՚ գիտաժողովի հիման վրա: Սևանի գիտաժողովը առաջին անգամ Կովկասում համախմբեց անգլալեզու փորձագետների` հետխորհրդային տարածքում դե ֆակտո պետությունների զարգացման զանազան տեսական և գործնական հարցեր քննարկելու նպատակով:
Գիրքը խմբագրվել է բրիտանացի քաղաքագետ Լորենս Բրոերսի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կողմից: Գրքի տպաքանակը կազմում է 700 օրինակ, սակայն շուտով կհայտնվի նաև էլեկտրոնային տարբերակը: