ԱրմԻնֆո-ն Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու գործով նոր մանրամասներ է հրապարակում նախաքննական մարմնի կողմից, մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու նպատակով, ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված նյութերից:
Ինչպես պարզ է դառնում ԱրմԻնֆո-ի ձեռքում հայտնված քննության նյութերից, Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցի վերանայման համար հիմք է հանդիսացել այդ թվում տուժող կողմի՝ Զաքարյան եղբայրների նախնական ցուցմունքների փոփոխությունը՝ չնայած այն բանին, որ Զաքարյանների հայրն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ իրենք իրենց ցուցմունքները չեն փոխել:
Այսպես՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը վերանայելու համար ՔԿ կողմից Գլխավոր դատախազություն ուղարկված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. ՙԽաչատրյանի մեղքը, Հարություն Զաքարյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մասով, քննության ընթացքում չի ապացուցվել, ինչպես նաև սպառված է նոր ապացույցներ ձեռքբերելու հնարավորությունը, քանի որ գործով անցնող Յուրի Մանուչարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել այն մասին, որ հենց ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին: Տուժած Հարություն Զաքարյանն առերեսման ժամանակ նույնպես հայտարարել է, որ իր աչքին հարվածել է Մանուչարյանը, այլ ոչ թե Խաչատրյանը: Այդ փաստը հաստատել են նաև գործով անցնող Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը՚: Այնուհետև ՔԿ-ն Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումն ամբողջովին դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկը հիմնավորում է այն բանով,որ կասկածյալ նկատմամբ մեղադրանքը չի կարող կառուցվել ենթադրությունների հիման վրա, հետևաբար՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի:
Մինչդեռ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում տուժած Զաքարյան եղբայրների հայրը՝ Գագիկը, հավաստիացրել է, որ իրենք իրենց ցուցմունքները չեն փոխել: ՙԲոլորը պետք է պատասխանատվույթուն կրեն իրենց մեղքի չափով: Պարզապես մեզ հայտնել են, որ քննության ընթացքում պարզվել է, որ իմ որդի Հարությունի աչքին, ով ծեծի հետևանքով մասնակիորեն կորցրել է տեսողությունը, հարվածել է ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ միջադեպի այլ մասնակից: Բայց դա չի նշանակում, որ Տիգրանը ծեծին չի մասնակցել, նա պետք է պատասխանատվություն կրի իր մեղքի չափով՚,- հայտարարել է Զաքարյանը:
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեում ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե ինչու Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ խափանման նոր միջոց չի նշանակվել, չէ որ Զաքարյանները չեն հրաժարվում իրենց ցուցմունքներից, որ Խաչատրյանն, այնուամենայնիվ, մասնակցել է ծեծին, հայտարարել են. ՙՄենք չենք տիրապետում տեղեկատվության այն մասին, թե ինչ հիմունքով է Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում ընդունվել: Հենց որ համապատասխան տեղեկություն ունենանք, մենք ամեն ինչ կասենք՚:
Նշենք, որ մայիսի 2-ին ՙՍդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով դաժան ձեծի են ենթարկվել Զաքարյան եղբայրները: Նրանցից մեկը՝ Հարությունը, զրկվել է աչքից: Գործի առնչությամբ ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին, եղբայրը և եղբորորդին:
Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որբ Սյունիքի մարզպետի որդին հերթական կրիմինալ միջադեպից ՙմաքուր՚ է դուրս գալիս: Առաջին անգամ Տիգրան Խաչատրյանը համանման սցենարկով անմեղ էր ճանաչվել և ազատ արձակվել
Սյունիքի մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով: