Ձեր կարծիքով, ի՞նչը ստիպեց Ադրբեջանի ղեկավարությանը հերթական ագրեսիան սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Դրանք բացառապես ներքին, թե՞ աշխարհաքաղաքական պատճառներ են: Ու՞մ է այսօր ձեռնտու Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրացումը:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հերթական ագրեսիան սկսելու Ադրբեջանի ղեկավարության դրդապատճառները զուտ աշխարհաքաղաքական են: Եվ առաջիկա շաբաթների ընթացքում դեռ կտեսնենք, թե ով է կանգնած դրա հետևում: Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն մի քանի սադրիչ հայտարարություններ է արել, բայց Թուրքիան չէր կարող միայնակ Ադրբեջանին հակամարտության մղել: Դրա համար Էրդողանը բավականաչափ ազդեցություն չուներ, Ալիևն էլ նրան չէր լսի: Կարծում եմ, որ տվյալ դեպքում խոսքը շատ ավելի մեծ խաղի մասին է: Հենվելով հարավսլավական փորձի վրա՝ գտնում եմ, որ այդ ամենի հետևում առավելապես ՆԱՏՕ-ի կառույցներն են կանգնած, թեև այդ վարկածի օգտին հստակ ապացույցներ չունեմ:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը 4 օր տևեց՝ ըստ էության, անփոփոխ թողնելով1994 թ. ստատուս-քվոն: Ըստ որում, չնայած մի շարք երկրների ղեկավարության և միջազգային կազմակերպությունների խաղաղության կոչերին՝ միայն Թուրքիայի ղեկավարությունն անվերապահորեն աջակցեց Իլհամ Ալիևի նախաձեռնած ագրեսիան: Ձեր կարծիքով, արդյո՞ք դրանով սահմանափակվում է Անկարայի դերը ղարաբաղյան երկրորդ պատերազմում:
Էրդողանը շահագրգռված է Կովկասում հակամարտության բորբոքմամբ, քանի որ հակառակ դեպքում Մոսկվան տարածաշրջանում նույնիսկ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան Սիրիայում: Այն պահից, երբ Ռուսաստանն օգնեց Բաշար Ասադին ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայի առնչությամբ թուրքական բոլոր ծրագրերը ձախողվեցին: Բայց, կրկնեմ, Էդողանն ազդեցություն չունի, որպեսզի միանձնյա համոզի Ալիևին դիմելու նման արկածախնդրության:
Ձեր կարծիքով, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երկուստեք զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան համար:
Հենվելով Հարավսլավիայում պատերազմի փորձից՝ նպատակահարմար կլիներ ստեղծել միջազգային հանձնաժողով և որոշել պատասխանատվությունը: Սերբերը դատարանի առջև կանգնեցին աննշան բաների համար, իսկ հիմա չեմ հասկանում, թե ինչու չեն դատում նրանց, ով զինված հակամարտություն է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանում ամենատարբեր մակարդակներով լուրջ մտահոգություն կա Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի չեզոք պահվածքի առնչությամբ: Բանը հասել է այնտեղ, որ ապրիլի 8-ին Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովը հետաձգվեց՝ Բաքվին ՙչնյարդայնացնելու՚ նպատակով: Արդյո՞ք Ռուսաստանը կատարել է ռազմավարական դաշնակից Հասյաստանի հանդեպ պարտավորությունները:
Հայերը, ինչպես և սերբերը, թվաքանակով փոքր ժողովուրդ են, և Հայաստանն իր չափերով, ինչպես և Սերբիան, փոքր պետություն է: Միջազգային քաղաքականության առնրությամբ մեր տեսակետը հաճախ խիստ տարբերվում է մեծ տերությունների, համաշխարհային ասպարեզում կարևոր խաղացողների հայացքներից: Մեզ համար ամենակարևորը մեր շահերի և ժողովրդի պաշտպանությունն է, որը տառապանքների և զոհերի գնով ազատություն է ձեռք բերել: Մենք աշխարհը դատում ենք այդ պրիզմայով, իսկ երբեմն էլ սխալ տպավորություն ստանում դրա պատճառով: Իսկ Ռուսաստանը ցանկանում է պահպանել կայունությունը Կովկասում, չի աջակցում ճգնաժամի նոր օջախի առաջացմանն աշխարհի այն մասում, որը կենսական հետաքրքրություն է ներկայացնում իր համար: Այդ իսկ պատճառով Մոսկվան պնդում է բանակցությունների անցկացումը, և երբեմն որպես գործիք օգտագործում մեխանիզմներ, որոնք չեն ընդունվում Հայաստանի հասարակության կողմից:
Սակայն, ոչ ոք Երևանում չպետք է մտահոգվի Ռուսաստանի պահվածքի առնչությամբ, ինչպես և ոչ ոք այդ մասին չպետք է մտահոգվի Բելգրադում:Կոչ եմ անում ընթացիկ մարտավարական-օպերատիվ տարրերը ռազմավարական նպատակների հետ չխառնել:Համոզված եմ, որ Ռուսաստանն աջակցելու է ինչպես հայերին, այնպես էլ՝ սերբերին, քանի որ այդ երկրների ընդհանուր պայքարն ընդհանուր պատմական ժառանգության մասն է կազմում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությամբ Վաշինգտոնը փաստորեն առաջին անգամ ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ այդպիսով ընթացք տալով Կոսովոյի նախադեպին: Ինչպիսի՞ն կարող է և պետք է լինի Բելգրադի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ՝ հաշվի առնելով սերբ և հայ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:
Եթե ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հայտարարության մեջ, իրոք, նկատի է ունեցել Վաշինգտոնի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, նույն հաջողությամբ ԱՄՆ-ը կարող է ճանաչել նաև Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ հիշատակվում է թե՛ ինքնորոշումը, թե՛ տարածաքային ամբողջականությունը: Կոպիտ ասած՝ դա կարելի է մեկնաբանել ինչպես ասես, ինչպես կցանկանան թե՛ Ստեփանակերտում, թե՛ Բաքվում: Սերբիայում դա ոչ ոք լուրջ չի ընդունել: Հնարավոր է, ներկայացուցիչը պատրաստ չի եղել, հնարավոր է, չի ցանկացել նեղացնել Վաշինգտոնի հայկական լոբբիին, որը բավական լավ է կազմակերպված: Հնարավոր է, դա փորձնական քայլ էր՝ ուղղված արձագանքի ստուգմանը: Հենց ինքնավստահության և թեթևամտության պատճառով այժմ շատ բան է տեղի ունենում աշխարհ տարբեր հատվածներում: Եվ, ցավոք, դա սկիզբն է միայն: Մենք բախվում ենք շատ լուրջ խնդիրների, որոնք պետք է միասնաբար լուծենք: