Որևէ թուրքական զանգ Գերմանիայի քաղաքականության և կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշման վրա ազդել չի կարող, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
Դեսպանը նշել է, որ չգիտի, թե ինչ բառ կօգտագործի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 24-ին իր ուղերձում, սակայն համոզված է ճիշտ մոտեցման դրսևորման մեջ: Նա նշել է, որ ապրիլի 24-ին Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկություն է տեղի ունենալու: ՙՉեմ կարող կանխատեսել քվեարկության արդյունքները, սակայն հին տեքստը խմբագրվելու է: Պետք է փոքր-ինչ սպասել՚,- նշել է նա:
Դեսպանը նաև նշել է, որ թուրք պաշտոնյաների որևէ զանգ չի կարող ազդել Բունդեսթագի և Մերկելի դիրքորոշման վրա: ՙՎստահ եմ, որ այն ամենը, ինչ վաղն ասվելու է, ուղղված չի լինի Թուրքիայի դեմ, դա նվիրված կլինի միայն պատմական փաստին՚,- նշել է նա: Ըստ որում, նա ասել է, որ Գերմանիան ո’չ հայամետ, ո’չ թուրքամետ է: ՙՄենք փորձում ենք նպաստել երկրների միջև երկխոսության հաստատմանը՚,- եզրափակել է նա:
Նշենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագը քննարկելու է բանաձև, որում Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակվում են որպես ՙցեղասպանություն՚: Կանցլեր Մերկելը հայտարարել է, որ դեմ չէ բանաձևում այդ տերմինի օգտագործմանը`նախազգուշացնելով գերմանացի խորհրդարանականներին այդ փաստաթղթի ընդունման դեպքում Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին:Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում անձամբ խնդրել է Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբի իրադարձությունների վերաբերյալ Բունդեսթագի բանաձևում չօգտագործել ՙցեղասպանություն՚ բառը: