Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունները և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդունել են համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարիանի անաձևը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարության ներքո ստորագրել են կառավարող «Արդարություն և բարգավաճում» կուսակցմությունը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը և Ազգայնական շարժում կուսակցությունը: «Մենք վճռականորեն դատապարտում ենք կանխակալ դիրքորոշումը, որը հակասում է Եվրախորհրդարանի գոյության իմաստը կազմող խաղաղության, հանդուրժողականության և պատերազմների ու հակամարտությունների փոխարեն ընդհանուր ապագայի ստեղծման գաղափարներին», - ասվում է հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմը ողբերգական շրջան էր ողջ Օսմանյան կայսրության համար, մինչդեռ Եվրախորհրդարանի բանաձևում նշվում է միայն հայերի ողբերգությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Անկարային, Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է արվում ճանաչել և դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Կառույցը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ գտնել, կատարել հայերի և մյուս ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման գծով ստանձնած իր պարտավորությունները: Փաստաթուղթը նաև Հայաստանին և Թուրքիային կոչ է անում իրագործել հայ-թուրքական արձանագրությունները` սահմանի հետագա բացման և տնտեսական ինտեգրման հեռանկարով: Եվրախորհրդարանի բանաձևը կուղարկվի Եվրախորհուրդ, Եվրահանձնաժողով, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններ և կառավարություններ: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1987 թվականին: