Կիսվեք ՙքառօրյա պատերազմի՚ պատճառների և արդյունքների Ձեր տեսլականով:
Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էության նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել 1988 թվականից ի վեր: Թաքուն փուլում գտնվող հակամարտությունը հմտորեն ակտիվացվեց Կրեմլի կողմից, վիրտուոզաբար հասցվեց թեժ փուլի և սառեցվեց 1994 թվականին` տարածաշրջանում նրա համար ցանկալի փոխդասավորության և ուժերի հարաբերակցության հասնելուց հետո: Այն ժամանակվանից ի վեր Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի սյուզերենն է, կառավարում է տարածաշրջանը կառավարելի հակամարտության միջոցով: Դա դասական կայսերական քաղաքականություն է: Իսկ քանի որ էությունը չի փոխվել, անփոփոխ է նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից նախաձեռնվող իրադարձությունների նշանակությունը:
Արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հաստատուն կերպով յուրացրել են, որ Մոսկվայի գցած հունից դեպի ձախ կամ աջ ցանկացած քայլ գնդակահարություն է` ուղիղ կամ փոխաբերական իմաստով: Այդպես է եղել, այդպիսին է իրադրությունը նաև այժմ: Հայաստանին պատերազմը հարկավոր չէ, նա արդեն զավթել է Լեռնային Ղարաբաղը և գրեթե ողջ Մեծ Ղարաբաղը: Սակայն Մոսկվայի հրամանից հետո նա, պարզապես, այլ տարբերակկ չունի: Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին, Հայաստանի հետո Ռուսաստանի երկրորդ վասալին Հարավային Կովկասում: Ելնելով ասվածից` որպես գլխավոր պոստուլատից, հրադադարի գծի երկայնքով մարտական ակտիվության քառօրյա բռնկումը Մոսկվայի նախաձեռնությունն էր` սեփական նպատակներին հասնելու համար: Որո՟նք են այդ նպատակները: Իմ կարծիքով, դրանք մի քանիսն են: Նախ, Ռուսաստանի նախագահը ձգտում է դուրս գալ քաղաքական մեկուսացումից և աշխարհին ցույց տալ, որ Ռուսաստանն զգալի ռազմաքաղաքական ռեսուրսներ ունի աշխարհի մի քանի կարևոր տարածաշրջաններում: Նա ցանկանում է Հարավային Կովկասում «խաղաղապահություն անել»` Ուկրաինայից և Սիրիայից հետո: Երկրորդ՝ երկար ժանանակ որևէ հանդիպման և բանակցության բացակայությունը ստեղծում էր տպավորություն, որ Ռուսաստանի ռեսուրսներն սպառվել են հակամարտության «կարգավորման» գործընթացի վրա ազդելու համար: Այժմ, «ապրիլմեկյան փոքր պատերազմից» հետո, ՌԴ ԱԳՆ կարող է ասպարեզում փայլել որպես գլխավոր «որոշող», իսկ ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետներն ստիպված են բավարարվել կողմնակի դիտորդի դերով: Երրորդ՝ ՌԴ-ն փորձում է Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել ավելի վաղ նրանց կողմից մերժված անմիջականորեն Ղարաբաղում «խաղաղապահ ուժեր» տեղակայելու տարբերակը, այսինքն, ստեղծել Աբխազիայի և Հարավային Օսիայի իրավիճակը 08.08.08 նախաշեմին: Չորրորդ, ներկայիս սրացումը Հայաստանին և Ադրբեջանին դրդում է ավելի ակտիվորեն ռուսական զենք գնել, ստեղծում է հին խորհրդային անեկդոտի իրավիճակ` «կամավոր և երգերով»:
Հեշտությունը, որով Ռուսաստանը կանգնեցրեց ապրիլյան պատերազմը, հերթական անգամ վկայում է ինչպես ղարաբաղյան հակամարտության, այպես էլ Երևանի և Բաքվի իշխանություների կառավարելիության մասին: Վաշինգտոնին և Բրյուսելին Հարավային Կովկասն արդեն հետաքրքի՞ր չէ:
Արևմուտքը շափազանց հետաքրքրված է Հարավային Կովկասով, ինչի ապացույցն է տնտեսության, քաղաքականության և անվտանգության բնագավառների նախագծերի և նախաձեռնությունների զանգվածը: Այլ բան է, որ տանգո երկուսով են պարում, իսկ Ռուսաստանն այնքան ամուր ոտնակապ է դրել Արևմուտքի հարավկովկասյան գործընկերներին, որ Արևմուտքի հետ սիրախաղի ցանկացած փորձ հղի է Մոսկվայի «կազմհետևությունների» վտանգով: Դա լավ են հասկանում թե Հարավային Կովկասի ղեկավարները, թե Արևմուտքի քաղաքական գործիչները: Ուստի, Վաշինտգոնն ու Բրյուսելը սպասում են, իրադարձություննեը չեն արագացնում: Նրանք հրաշալի տեսնում են զարգացման վեկտորը, ավելի ճիշտ` Ռուսաստանի դեգրադացումը, և հասկանում են, որ նման իրավիճակում ավելի ձեռնտու է համբերել և սպասել, քան` տեղի տալ վնասակար ակտիվության գայթակղությանը:
Ռուսաստանցի որոշ գործընկերներ շտապեցին ՙքառօրյա պատերազմում՚ թուրքական հետք տեսնել: Ձեր կարծիքով, ու՞մ էր ձեռնտու «քառօրյա պատերազմը»:
Մարտական գործողությունների էսկալացիայից շահեցին բոլորը` բացի հայ և ադրբեջանցի ժողովուրդներից: Ես հասկանում եմ, որ ռուսական քարոզչության շատ աստղեր սրտների ուզածի չափ արտահայտվեցին նենգ Թուրքիայի և հրեշտականման Ռուսաստանի մասին: Սակայն քարոզչության այդ քթախոտերն իրական ազդեցություն չունեն քաղաքականությունում, դրանց չարժե լրջորեն ընկալել:
Օրերս ՀՀ նախագահը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում՝ նշելով, որ ռուսական զորքերը կարող են հակամարտության գոտում հայտնվել, առնվազն, կողմերից մեկի հրավերով: Կարո՞ղ է արդյոք նման հրավեր ուղարկել Բաքուն: Եվ ի՞նչ պատճառներով:
Ռուսական զորքերն ամուր նստած են Հայաստանում: Իսկ Ադրբեջանում ռուսական զորքեր դեռ չկան, եթե, իհարկե, հաշվի չառնենք հայկական բանակը, որը Ղարաբաղում դե ֆակտո կատարում է մոսկովյան պլանները և հրահանգները: Այլ հարց է, որ շատերը Հայաստանում այդ մասին տեղյակ չեն կամ չեն ցանկանում խոստովանել դա: Ադրբեջանական իշխանությունները Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայմամբ իրենց ինքնիշխանությունը սահմանափակելու ցանկությամբ չեն տոչորվում: Առավել ևս, որ բոլորը հիշում են 08.08.08 պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից վրացական տարածքների բռնակցման օրինակը՝ ՙռուս խաղաղապահներին պաշտպանելու՚ պատրվակով:
Բնորոշեք ռուսական ներկայիս քաղաքականության էությունը և նպատակները Հայաստանի, Ադրբեջանի և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի նկատմամբ:
Ռուսաստանի քաղաքականությունն արխաիկ է և հակաարդյունավետ` ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Թուրքիայի և Իրանի նկատմամբ: Ռուսաստանի արտաքին քաղաքականության նման ողբալի վիճակի պատճառը թաքնված է ՌԴ ներքին կառուցվածքի անարդյունավետության մեջ: Ռուսաստանի քաղաքական դաշտը մտավոր անապատ է: Տարօրինա՟կ է: Այո, եթե հաշվի առնենք ռուս ժողովրդի վիթխարի մտավոր ներուժը: Սակայն այդ ռեժիմին խելոք և ազնիվ կադրեր հարկավոր չեն: Կառավարելի հակամարտությունների միջոցով Հարավային Կովկասի երկրները վերահսկողության տակ պահելու ռուսական քաղաքականության մասին շատ բան է ասվել ու գրվել: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ՌԴ նախագահ Պուտինն ընդամենը մեկ տարում ի չիք դարձրեց այդ երկրի հետ ամուր տնտեսական և քաղաքական հարաբերություններ կառուցելու բազմամյա քաղաքականությունը:Ո՟վ շահեց «պինդ տղայության» այդ դրսևորումներից: Պարզ է` ոչ ռուսները, ոչ էլ թուրքերը: Պուտինը փչացրեց հարաբերություններն Ուկրաինայի և Թուրքիայի հետ, և դա համարվում է Օբամայի վարչակազմի հսկայական արտաքին քաղաքական ձեռքբերում: Իրանն իր հերթին միանգամայն արդարացիորեն խոր անվստահություն է տածում Ռուսաստանի հանդեպ, և` ոչ թե պատմության, ավելի ճիշտ` ոչ միայն դրա պատճառով: Ժամանակակից Ռուսաստանի բուն քաղաքականությունը լի է դրա անհուսալիության ապացույցներով` որպես գործընկեր և դաշնակից: Եվ, վերջին հաշվով, միշտ պարտված կողմի վիճակում հայտնվում է ինքը` Ռուսաստանը: