Հայ և ուկրաինացի ժողովուրդների պատմությունում համանման էջեր կան, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ուկրաինական հայտնի ՙՕկեան Էլզի՚ ռոք խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը, ով Երևան է ժամանել համաշխարհային շրջագայության շրջանակներում:
Պատասխանելով Հայաստանում համերգների անցկացման վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Վակարչուկը, հարցը վերահասցեագրելով համերգի կազմակերպիչներին, նշել է. ՙԵթե կախված լիներ մեզանից, ՙՕկեան Էլզին՚ արդեն 10 տարի համերգներ կունենար Հայաստանում՚: Նա ավելացրել է, որ համերագային ծրագրերով խումբն Անդրկովկասում սկսել է հանդես գալ համեմատաբար վերջերս՝ չբացառելով հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում նախատեսված համերգից հետո կրկին Հայաստան այցելությունը:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով Հայաստան այցի առնչությամբ՝ Վակարչուկը նշել է, որ ուկրաինական ռոք խումբը նախ այցելել է Էջմիածին, ինչից հետո՝ մայրաքաղաքի տեսարժան վայրերը: ՙԻմ հարազատ Լվով քաղաքում հայկական եկեղեցի կա, ես հաճախ եմ այնտեղ գնում, իսկ իմ սիրելի փողոցը «Հայկական փողոցն՚ է՚,- ավելացրել է նա:
Նշենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ուկրաինական հայտնի ՙՕկեան Էլզի՚ ռոք խմբի՝ Հայաստանում առաջին համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է: