ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոց կվերադառնա՝ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության գաղափարախոսության արդյունավետ կիրառման՝ քաղաքական երկխոսության միջոցով իրավիճակի հանգուցալուծման երաշխիքի պայմանով: Այդ մասին հուլիսի 21-ի երեկոյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙՀուլիսի 17-ից հետո այս ողջ ընթացքում իմ բոլոր գործողությունները համապատասխանել են այն ռազմավարությանը և քաղաքականությանը, որը հռչակել էր ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունը, որը գտնում է, որ երկրում քաղաքական ճգնաժամը կարելի է լուծել միայն քաղաքական երկխոսության ձևավորման ճանապարհով՚,- հայտարարել է Փաշինյանը:
ՙԻնչ-որ փուլում միջնորդի դեր ստանձնելու կամ որևէ կերպ Խորենացի փողոցում ցույցի մասնակիցներին գլխավորելու ցանկություն չեմ ունեցել՚,- նշել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ երեկվա զարգացումներից հետո, երբ փողոցում միմյանց հասցեին վիրավորական խոսքեր և հայհոյանքներ հնչեցին, ՙխիստ կասկածելի նպատակներով և կասկածելի վարքագծով՚ մարդկանց հետ միևնույն հրապարակ վերադառնալու պատճառ չի տեսնում:
Ամեն դեպքում, ինչպես հավաստիացրել է ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության վարչության անդամը, ինքը և իր կողմնակիցները Խորենացի կվերադառնան՝ կուսակցության գաղափարախոսության երաշխավորված և արդյունավետ կիրառման պայմանով: