Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության մասին պայմանագիրն ԱԳՆ-ում մշակման փուլում է գտնվում: Այդ մասին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
ՙԱյդ փաստաթուղթը մշակման փուլում է գտնվում ԱԳՆ-ում, բայց դրա հետագա ճակատագիրը կախված կլինի ապագա զարգացումներից՚,- ընդգծել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու հնարավորությունը:
ՙԱրտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ: Բացի Զինված ուժերից իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք է լուծենք և բնավ չթերագնահատվելով որևէ մեկի օգնությունը՚,- ասել էր նախագահը: