ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:
Facebook-ի իր էջում նա գրել է. ՙԱյսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներ դիմում են ինձ՝ ակնկալելով իմ արձագանքը ս/թ մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին՚:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է մինչև ապրիլի 24-ը նախատեսված 15 հանրահավաքների անցկացումից: Այդ հանրահավաքները ՀԱԿ-ը պատաստ է ՙնվիրել՚ քաղաքական ուժերին, որոնք Կոնգրեսին մեղադրում է են Ազատության հրապարակը սեփականաշնորհելու մեջ: Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ը և անձամբ ինքը պատրաստ են պատռել այն կեղծ ընդդիմադիրների դիմակը, որոնք փորձում են գնել ընդդիմադիր ընտրազանգվածին և աջակցել իշխող ռեժիմի կառավարման շարունակմանը:
Նշենք, որ ՙՀիմնադիր խորհրդարանը՚ նախաձեռնել է ՙՑեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի՚ արշավը: Միաժամանակ ինստիտուցիոնալ ընդդիմության անհրաժեշտության մասին է պնդում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով վերջին ժամանակներս խիստ քննադատության է ենթարկում ՀԱԿ գործողությունները: