2016 թ. մարտի 27-ից ՙԱլյանս՚ ավիաընկերությունը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանից և դեպի Հայաստան քաղաքացիական ավիափոխադրումների իրականացմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Արարատ Սարգսյանը:
Նրա խոսքով, արդեն լիցենզիա է ստացվել ՔԱԳՎ-ից, ներկայումս բանակցություններ են տարվում ICAO -ի հետ: Լիզինգով ձեռք է բերվել Sukhoi Superjet - 100 (SSJ-100) երկու ինքնաթիռ: Մինչև 2017 թվականը նախատեսվում է ևս չորս ինքնաթիռ ձեռք բերել:
Արարատ Սարգսյանը հայտնել է, որ ընկերությունն արդեն 14 աշխատակից ունի, ովքեր ավելի վաղ, իննչպես և ինքը, աշխատել են ՙԱրմավիա՚ ավիաընկերությունում: Սկզբնական փուլում ընկերությունը նախատեսում է չվերթներ իրականացնել երեք ուղղությամբ՝ Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ և Երևան-Թեհրան: Հետագայում կգործարկվեն նաև չվերթներ դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ և Աշխաբադ:
Սարգսյանի խոսքով, ընկերությունը բացվել է 2014 թվականին: Միաժամանակ ընկերության հիմնադիրը չի նշել ներդրողներին՝ ասելով միայն, որ նրանք Ռուսաստանից են: