Էլեկտրաէներգիայի, գազի, բենզինի, ալյուրի, շաքարավազի գների իջեցում պահանջող ՙԿարմիր քարտ՚ շարժումը բողոքի ակցիա կանցկացնի նոյեմբերի 30-ին: Այդ մասին նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման համակարգողներից մեկը՝ Փայլակ Թևանյանը:
ՙՆոյեմբերի 23-ին մենք ակցիա-երթ ենք անցկացրել, որի ընթացքում պահանջի նամակներ ենք հանձնել կառավարությանը, Ազգային ժողովին և նախագահական նստավայր: Պատասխանի վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է՚,- հայտնել է շարժման համակարգողը:
Նա նշել է, որ նոյեմբերի 30-ին նախաձեռնությունը երթ կսկսի Ազատության հրապարակից և կրկին կշարժվի դեպի կառավարության, Ազգային ժողովի շենք և նախագահի նստավայր՝ պահանջներին պատասխանելու պահանջով:
ՙԵթե իշխանությունները մեր նշված ապրանքների և ծառայությունների գների իջեցման գործընթաց չսկսեն, մենք կփակենք փողոցները: Եթե տեսնենք, որ իշխանությունների մոտ իմունիտետ է ձևավորվել մեր այդ գործողությունների հանդեպ, զանգվածային ուսանողական բոյկոտ կսկսենք՚,- հայտնել է Թևանյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի, գազի, բենզինի, ալյուրի, շաքարավազի գներն իջեցնելու ՙԿարմիր քարտի՚ պահանջները դատարկ պահանջներ չեն, այդ ոլորտի համապատասխան փորձագետները հաշվարկներ են արել, և դրանց հիման վրա էլ կազմվել են պահանջի նամակները: