ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը: Ինչպես գրում է ՙՉորրորդ իշխանություն՚ թերթը, մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ թերթի աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից:
ՙԱսում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է: Արցախի ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին: Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. ՙԱյո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա՚՚,- գրում է թերթը: Հիշեցնենք, որ Բաբայանը 2000 թվականին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման էր դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց ներում է շնորհվել։ 2007 թվականին հիմնել է ՙԴաշինք՚ կուսակցությունը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն կուսակցությանը չի հաջողվել ձայների անհրաժեշտ քանակ ստանալ: